
Հայաստանում կան ադրբեջանական անկլավներ ու սահմանային շեղումներ․ Գագիկ Մելքոնյան
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի տարածքները չեն խախտվելու, այսինքն` այդ 240 քառակուսի կմ-ից, ըստ պայմանագրի, ադրբեջանցիները պիտի դուրս գան. ABC media-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին։
Ըստ Մելքոնյանի՝ ուղերձում հստակ ասված էր այն ամենը, ինչ կար Վաշինգտոնյան համաձայնագրում։
«Հիմնականում մտահոգությունը ո՞րն է, 240 կիլոմետրի մասին է խոսքը։ Փաշինյանը նշեց, որ կան տարածքներ, որտեղ իրենք են մեր տարածքների մեջ, կան տարածքներ, որ մենք ենք իրենց տարածքների մեջ։ Այդ ամենը պետք է սահմանազատվի, սահմանագծվի, ոնց որ եղել է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները»,-ասել է Մելքոնյանը։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պիտի վերադարձնենք, Մելքոնյանը նշել է՝ խոսքը անկլավների մասին է։
«Անկլավների մասին է, շեղումներ կան, բայց սահմանազատման ժամանակ արդեն ամեն ինչ ընկնելու է իր տեղը, և՛ իրենք մեր սահմաններից են դուրս գալու, և՛ մենք էլ իրենց սահմաններից»,-եզրափակել է պատգամավորը։