
Լուկաշենկոն ցանկանում է Իրանի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել
Մինսկն ու Թեհրանը եռանդուն աշխատում են՝ յուրաքանչյուր նոր մարտահրավերը վերածելու նոր հնարավորության։ Այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցությունների ժամանակ։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Իրանի նախագահի այցը նշանավորում է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլ՝ «ամրապնդելով երկու երկրների միջև գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա»։
«Աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում Մինսկն ու Թեհրանը հետևողական և հավասարակշռված քայլեր են ձեռնարկում համագործակցության հետագա զարգացման համար՝ եռանդուն աշխատելով յուրաքանչյուր նոր մարտահրավերը վերածելու նոր հնարավորության», – նշել է նա։
Լուկաշենկոն ընդգծել է, որ այսօր Իրանի հետ համագործակցությունը զարգացնելիս «մենք պետք է ոչ միայն առաջ շարժվենք, այլև՝ վազենք»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է համագործակցել Թեհրանի հետ ամենալայն ոլորտներում։ Լուկաշենկոն բանակցություններն ինքնին գնահատել է «իմաստալից»։ Նրա խոսքով՝ կողմերը հասել են լավ արդյունքների, որոնք թույլ կտան դրական տեղաշարժեր կատարել երկկողմ համագործակցության մեջ։
«Այս տեղաշարժերի լավ արդյունքը կլինի (եթե մենք մոտ ապագայում պատրաստենք և ստորագրենք) ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը», – նշել է Լուկաշենկոն։
Հանդիպումից հետո Բելառուսի և Իրանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել երկրների միջև հարաբերությունների խորը զարգացման վերաբերյալ: Փաստաթուղթը արտացոլում է «կողմերի դիրքորոշումների նմանությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հարցերում, հաստատում է Բելառուսի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ավանդական բարեկամական և ռազմավարական կապերի հետևողական խորացման ուղղությունը»: