
Ինչո՞ւ են Հայաստանում տապալվում միջազգային ներդրումային ծրագրերը. մեկնաբանում է տնտեսագետը
Խոշոր կապիտալի կամ ներդրումային խոշոր պրոյեկտների նկատմամբ պետության վերաբերմունքն այնպիսին է, որ մենք որևէ օտարերկրյա ներդրում չենք սպասում. ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Հայաստանում օտարերկրյա տապալված ներդրումային նախագծերին։
«Գրեթե անհնար է, որ որևէ լուրջ օտարերկրյա ներդրող մուտք գործի Հայաստան, եթե այնպիսի ընկերություն չէ, որը որոշակի քաղաքական կապվածություններ, պայմանավորվածություններ ունի, կամ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում խոշոր ներդրումային ծրագրեր է իրականացնում: Զուտ տնտեսական դրդապատճառների հիման վրա Հայաստանը վերջին մի քանի տարիներին, մեղծ ասած, այդքան էլ գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար»,-ասել է Անանյանը։
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսությունը դրական շոկ է տեսնելու, տնտեսագետն ասել է՝ Պապոյանը կապ չունի տնտեսության հետ։
«Դուք հիշատակում եք մի անձի, որն, իմ խորին համոզմամբ, տնտեսությունից ոչ միայն հեռու է, այլև ընդհանրապես գաղափար չունի, թե տնտեսական քաղաքականությունը ինչ է նշանակում։ Եվ, ընդհանրապես, Էկոնոմիկայի նախարարությունը ինքն էլ տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմին չէ։ Եթե ինքը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, անդրադառնում է Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրմանը, այդ գործընթացից բխող տնտեսական առաջնահերթություններին, ապա ինքը այնպիսի տեղեկատվություն ունի, որից հանրությունը տեղյակ չէ։ Հետևաբար, Ձեր մատնանշված անձնավորությանը մենք կարող ենք խորհուրդ տալ, որ ընդհանրապես տնտեսությամբ չզբաղվի, ընդհանրապես որևէ գործունեությամբ չզբաղվի»,-եզրափակել է Անանյանը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մի քանի խոշոր միջազգային ներդրողներ հեռացել են Հայաստանից. ձախողվել էր գործակցությունը արաբական «Մասդար» ընկերության հետ, տապալվել էր «Ֆլայ Արնա» ընկերության և արաբական հեղինակավոր «Էյր Արաբիայի» համատեղ ծրագիրը, իսկ ՀԷՑ-ի և Ամուլսարի հանքի շահագործման հարցերը հայտնվել էին միջազգային արբիտրաժային դատարանում: