
Բաքվի դատն ավելի ընկալելի է, երբ ՀՀ-ում հոգևորականների ու գեներալների են դատում, ավելի ծանր է. Գեղամ Մանուկյան
Պետք է անկեղծ ասեմ՝ դրանց դատավարություն ասելը մեղք է. անդրադառնալով Միքայել սրբազանի, Բագրատ սրբազանի ու նրա աջակիցների դատական գործընթացներին՝ ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դատավարության հետ որևէ առնչություն չունի այն քաղաքական մարդկային և փոքրոգիական հետապնդումը, որն իրականացվում են երկու սրբազանների և Սրբազան շարժման համակիրների, աջակիցների նկատմամբ։ Բայց պետք է անկեղծ ասեմ, արդեն այս տարիներին այնքան ենք վարժվել նման անարդար դատավարությունների, որ նորություններ չկան։ Բայց երեկ այն, ինչ կատարվեց Շենգավիթի նստավայրում՝ ոչ անհայտ դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ․․․ իրականում ամբողջ գիշեր ուղղակի չէի կարողանում մտքիցս հանել։ Ստոր և անմարդկային վճիռ կայացվեց ՝ Լիդյայի խափանման միջոցը ևս երեք ամիս երկարաձգելու վերաբերյալ։ Այնտեղ, կարծես, դատավորները որևէ անելիք չունեն դատավորները, որովհետև փաստարկներով, օրենքների վրա հղում տալով կարող են ժամերով խոսել, և ինչպես Չարենցն է ասում՝ «տապարի պես բութ հայացքով» մի վայրկյանում որոշում են կայացնում»,-ասել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ Երևանի և Բաքվի դատավարությունների համեմատությունները վաղուց հասարակությունը պիտի աներ։
«Ես մի օրինակ ասեմ․ երեք տարի անազատության մեջ է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը՝ լրիվ շինծու մեղադրանքով: Նիկոլ Փաշինյանի ուղղակի կամքով, բնականաբար, այդ ողբերգական զուգահեռը անհնար է չտանել։ Եթե Բաքվի դեպքն է՝ էլի ինչ-որ կերպ ընկալելի է, բայց երբ Հայաստանում են դատվում մեր հոգևորականները, գեներալները, ավելի ծանր է լինում քաղաքացիների համար»,-նշել է նա։