
Ավելի քան 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմին` արբիտրաժի համար․ մասնագետները կասկածում են գործընթացի թափանցիկությանը
Հինգշաբթի կառավարության նիստում ներկայացվել է առաջարկ՝ վարչապետի աշխատակազմին հատկացնել 1,093,750 դոլարին համարժեք դրամ՝ Ստոկհոլմի արբիտրաժային գործով Հայաստանի շահերի պաշտպանության նպատակով։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով` կառավարությունը փաստացի ընդունում է խնդիրների առկայությունը: «Մինչև այսօր Փաշինյանի թիմը պնդում էր, որ ամեն ինչ օրինականության շրջանակներում է։ Եթե ամեն ինչ այդքան միանշանակ է, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել միջազգային իրավաբանների օգնությանը։ Սա արդեն խոսում է լուրջ խնդիրների մասին», – ABC media-ի հետ զրույցում ասաց Առաքելյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները Արցախի հետ կապված միջազգային դատական գործընթացներում երբևէ չեն ներգրավել օտարերկրյա մասնագետների, իսկ այժմ, երբ վտանգված են հենց Հայաստանի ֆինանսական շահերն ու միջազգային հեղինակությունը, կառավարությունը պատրաստ է այդպիսի ծախսի։
«Ստացվում է, որ Փաշինյանը հասկացել է` իր քաղաքական քայլերի հետևանքով պետությունը կարող է լուրջ վնասներ կրել։ Երբ էմոցիոնալ որոշումներն անցան, հիմա փորձում են միջազգային իրավաբանների միջոցով նվազեցնել ռիսկերը», – ընդգծեց նա։
Առաքելյանը նաև անդրադարձավ գումարի չափին՝ նշելով, որ համապետական բյուջեի համատեքստում 1 միլիոն դոլարը մեծ թիվ չէ, սակայն դրա արդյունավետությունը էական է։
«Կարևորն այն է, թե ում պատճառով է առաջացել այս չնախատեսված ծախսը։ Եթե օրենքի օրինականության վերաբերյալ սխալ եզրակացություններ են տվել արդարադատության նախարարը կամ իրավաբանական բլոկի ղեկավարները, ապա հենց նրանք պետք է պատասխանատվություն կրեն», – եզրափակեց տնտեսագետը։
Արբիտրների խորհրդի անդամները ABC media-ի հետ զրույցում ասացին, որ նախորդ տարիներին մրցույթ է հայտարարվել, որոշվել է գումարի չափ և թե որ իրավաբանները պետք է ներկայացնեն շահերը: Այս տարի անհայտ է, թե ինչու են շրջանցել այդ կանոնակարգը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ նշեց, որ մյուս բոլոր դեպքերում հայցերը եղել են միջազգային, իսկ այժմ խնդիրը ընդդիմության ու իշխանության միջև է, հետևաբար գնացել են մի ճանապարհով, որի շրջանակում մրցույթի արդյունքում կարող էին ընտրվել մարդիկ, որոնք կպաշտպանեին հակառակ կողմի շահերը: