
Թրամփի վարչակազմը ստուգում է 55 միլիոն վիզա ունեցողների տվյալները
Ամերիկյան վարչակազմը ստուգում է ավելի քան 55 միլիոն վիզա ունեցողների տվյալները՝ հնարավոր չեղարկման կամ միգրացիոն կանոնների խախտումների հիմքով, ինչը Դոնալդ Թրամփի միգրացիոն խստացումների զգալի ընդլայնում է. գրում է The Guardian-ը, հղում անելով Associated Press–ին:
Վերջինի տեղեկացմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ներկայում վավերական վիզա ունեցող բոլոր օտարերկրացիները ենթարկվում են «շարունակական ստուգումների»՝ պարզելու համար, թե արդյոք նրանք կարող են համարվել փաստաթղթին անհամապատասխան։ Այդպիսի ապացույցներ ի հայտ գալու դեպքում վիզան չեղյալ կհայտարարվի, իսկ եթե վիզայի տերը գտնվի ԱՄՆ-ում, նրան կարող է սպառնալ արտաքսում։
«Պետդեպարտամենտը ցանկացած պահի չեղարկում է վիզան, եթե ի հայտ են գալիս հնարավոր անհամապատասխանության նշաններ, որոնք ներառում են ժամկետանց մնալու դեպքեր, հանցավոր գործունեություն, հասարակական անվտանգության սպառնալիքներ, ցանկացած ձևի ահաբեկչական գործունեություն կամ ահաբեկչական կազմակերպությանը աջակցություն»,– նշել է գերատեսչության խոսնակը։
Այս քայլը հաջորդում է Թրամփի վարչակազմի հայտարարությանը, որ ԱՄՆ-ում բնակվելու ցանկություն ունեցող անձանց դիմումները կգնահատվեն նաև «հակաամերիկյան» հայացքների առկայության տեսանկյունից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։
ԱՄՆ Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը (USCIS) հայտնել է, որ ընդլայնելու է դիմորդների սոցիալական ցանցերի գրառումների ստուգումները և «հակաամերիկյան գործունեության» ուսումնասիրությունը կավելացվի այդ գործընթացում։
«Ամերիկայի առավելությունները չպետք է տրամադրվեն նրանց, ովքեր ատում են երկիրը և տարածում հակաամերիկյան գաղափարներ»,– ասել է USCIS–ի խոսնակ Մեթյու Թրագեսսերը։ «ԱՄՆ Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը հետևողական է քաղաքականությանն ու ընթացակարգերին, որոնք բացահայտում են հակաամերիկյանությունը և ապահովում խիստ ստուգումների իրականացումը։ Միգրացիոն առավելությունները՝ ներառյալ ԱՄՆ–ում ապրելն ու աշխատելը, արտոնություն են, ոչ թե իրավունք»։
Պատմականորեն «հակաամերիկյան» հասկացությունը հիմնականում կապվել է կոմունիզմի հետ։ Սակայն հունվարից սկսած՝ Թրամփի վարչակազմը կոշտ քայլեր է ձեռնարկել կարճաժամկետ վիզաներ մերժելու կամ չեղյալ հայտարարելու ուղղությամբ այն անձանց համար, ովքեր համարվում են ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին հակառակ՝ հատկապես Իսրայելի հարցում։
Նոր հրահանգներով միգրացիոն մարմինները նաև ստուգելու են՝ արդյոք դիմորդները «տարածում են հակասեմական գաղափարախոսություն»։
Թրամփի վարչակազմը մի շարք ուսանողների և համալսարանների մեղադրել է հակասեմականության և ահաբեկչությանը սատարելու համար՝ Պաղեստինի իրավունքների և Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների դեմ կազմակերպված բողոքներում մասնակցելու համար։ Ակտիվիստները հերքում են այդ մեղադրանքները։