
Ալիևը կոչ է անում պատրաստ լինել հակամարտության, իսկ Փաշինյանը չի ավելացնում պաշտպանական ծախսերը
Ադրբեջանը պատրաստ է անկանխատեսելի հակամարտությունների․ հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա կրկին ագրեսիվորեն է խոսել Հայաստանի և նրա ժողովրդի մասին, չնայած Հայաստանը և Ադրբեջանը միայն օրեր առաջ՝ օգոստոսի 8-ին, էին նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը։
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Սակայն այս արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից, մեզ չպետք է խաբեն քաղցր խոսքերով, մենք պետք է զգոն լինենք», – նրա խոսքերն է մեջբերել «Ադալեթ» թերթը։
Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ է պատրաստ լինել անկանխատեսելի հակամարտությունների, քանի որ համաշխարհային գործընթացները զարգանում են անկանխատեսելիորեն, և «անհնար է իմանալ, թե վաղը ինչ կլինի»։
Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ երկրի անվտանգության երաշխավորը նրա զինված ուժերն են։
Հատկանշական է, որ մինչ Ալիևը կոչ է անում պատրաստ լինել հակամարտության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի աճ չի լինի։
«Ամենայն հավանականությամբ՝ 2026 թվականի պետական բյուջեում պաշտպանական ծախսերի էական աճ չի լինի։ Սա տրամաբանական է», – նշել է Փաշինյանը։