23 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարդինալ Զուպպին 7 ժամ շարունակ ընթերցել է Գազայում սպանված երեխաների անունները

Կարդինալ Զուպպին 7 ժամ շարունակ ընթերցել է Գազայում սպանված երեխաների անունները

Իտալիայի եպիսկոպոսների համաժողովի նախագահը մասնակցել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության հետևանքով զոհված բոլոր երեխաների անունների ընթերցմանը: Խոսքն այն երեխաների մասին է, որոնք մահացել են հակամարտության վերսկսման պահից ի վեր՝ 2023 թվականի հոկտեմբերից. գրում է CathNews.com-ը:

Օգոստոսի 14-ին կարդինալ Մատեո Ձուպպին գլխավորել է աղոթքը՝ իր թեմի տասնյակ անդամների հետ հերթով կարդալով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհված 16 իսրայելացի երեխաների և մինչև 2025 թվականի հուլիսի 25-ը Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված 12,211 պաղեստինցի երեխաների անուններն ու տարիքը։

Իսրայելցի երեխաների տվյալները վերցվել էին Իսրայելի կառավարության տվյալներից, իսկ պաղեստինցի երեխաների ցուցակը կազմել էր Գազայի առողջապահության նախարարությունը: Փաստաթուղթը 469 էջ էր, որի ընթերցումը տևել է մոտ յոթ ժամ՝ սկսվելով կեսօրից և ավարտվելով ուշ երեկոյան։

«Մենք արտաբերում ենք նրանց անունները մեկ առ մեկ», – ասել է կարդինալ Ձուպպին։

«Նրանք մեզանից յուրաքանչյուրից պահանջում են առավել խելամտորեն ու եռանդով որոնել խաղաղության ուղին՝ սկսելով հրադադարից և դրա պայմանների ստեղծումից՝ գերիների ազատումից մինչև ամբողջ ժողովրդի պատանդ չդարձնելը»,- ասել է Ձուպպին։

Աղոթքը տեղի է ունեցել Մոնտե Սոլե դի Մարձաբոտտոյի զբոսայգում, որը գտնվում է կարդինալ Ձուպպի թեմի՝ Բոլոնիայի մոտ։ Վայրը խորհրդանշական էր․ աղոթքը անցկացվել է Կազալիայի եկեղեցու ավերակներում, որը այրել էին նացիստները։ 1944 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը նրանք ավերել էին շրջանը և սպանել մոտ 800 մարդու, այդ թվում՝ երեխաների։

Ռազմագերիներ