
Թվայնացում և արագացված ծառայություններ․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում վարորդներին
Այսուհետև վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը հասանելի կլինի նաև թվային տարբերակով․ Ներքին գործերի նախարարության նոր որոշումն է։ ՆԳՆ փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով երկու նպատակ են դրել իրենց առաջ օրենքն ընդունելու ժամանակ։
«Նպատակ ունենք քաղաքացիներին մատուցել առավել մեծ թվով թվային ծառայություններ, բնականաբար, դյուրացնելով նաև ծառայությունների մատուցման որակը, որովհետև ունենք մի շարք ծառայություններ, որոնք անխուսափելիորեն ենթադրում են որոշակի շփումներ և հարաբերություններ վարչական մարմինների հետ։ Ընդհանուր առմամբ, գիտեք, որ կառավարության թվայնացման քաղաքականությունը առաջնորդվում է կյանքի իրադարձությունների տրամաբանությամբ։ Այսինքն մենք վերցնում ենք քաղաքացու կյանքի որևէ իրադարձություն և փորձում ենք անցնել քաղաքացու հետ այդ ամբողջ ճանապարհը և քայլ-քայլ թվայնացնել։ Հիմա այդ կյանքի իրադարձություններից մեկն էլ մեքենա ունենալու իրադարձությունն է, որի բաղկացուցիչ մասն է վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ունենալը։ Մեքենա գնելու և օգտագործելու գործընթացը թվային միջավայրում հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին վարորդական և հաշվառման վկայականները հասանելի դարձնել այնտեղ։ Առանց այդ քայլի գործարքները և գործողությունները թվային ձևաչափում իրականացնելը գրեթե անհնար կլիներ»,-ասել է փոխնախարարն՝ անդրադառնալով վարորդական իրավունքների թվայնացման ծրագրին։
Ղազարյանի խոսքով՝ վարորդների մեծամասնությունն օգտահաշիվներ ունի roadpolice.am կայքում, որով էլ կարողանալու են օգտվել թվային վարորդական իրավունքից։
«Սեպտեմբերի 1-ից կգործի նոր կարգավորում․ երբ անձը մուտք գործի համակարգ և նույնականացվի, կտեսնի իր թվային վարորդական վկայականը։ ․ Սա ի՞նչ գործնական նշանակություն կունենա․ վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված է տուգանք վարորդական վկայականը և այլ փաստաթղթեր չունենալու համար։ Թվային վկայական ունենալու դեպքում այս տուգանքը չի կիրառվի․ անձը կարող է նույնականացվել այլ եղանակով, և տուգանք չի լինի»,– ասել է փոխնախարարը»,-նշել է փոխնախարարը։
Մեկ այլ նոր կարգավորումով քաղաքացին հնարավորություն ունի վճարի դիմաց ընտրել իր նախընտրած օրը՝ վարորդական վկայականի տեսական կամ գործնական քննությանը արտահերթ մասնակցելու համար։ Ղազարյանը նշել է, որ սա ՆԳՆ նախաձեռնությունն է՝ քաղաքացիների առաջարկների հիման վրա։
«Շատերը նշել էին, որ եթե քննությունը ձախողելուց հետո հնարավորություն ունենային ավելի արագ հանձնել, կհաղթահարեին դժվարությունը։ Ներկայումս առաջին ձախողումից հետո քննությունը կարելի է վերահանձնել 7 օր անց, իսկ երկրորդ և հաջորդ դեպքերում՝ 30 օր անց։ Նոր կարգավորմամբ՝ որոշակի պետական տուրք վճարելով, քաղաքացին կարող է մասնակցել քննությանը ավելի վաղ ժամկետում։ Սա լրացուցիչ ծառայություն է, որը ներդրվել է քաղաքացիների առաջարկով»,– ասել է նա։