
Քաղտեխնոլոգը բացատրում է՝ ինչու է Փաշինյանը վստահեցնում, որ հաջորդ ընտրությունը կապ ունի խաղաղության հետ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ABC media-ի հետ զրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ հերթական իշխանափոխության «գինը կլինի պատերազմը»: Հակոբյանի խոսքով՝ սա քաղաքական տեխնոլոգիա է, որի միջոցով ներկայիս իշխանությունը փորձում է ազդել հանրության ընտրության վրա:
«Քաղտեխնոլոգիայի տեսակետից բնականաբար դա այն գործիքն է, որը ինքը հիմա կիրառում է, և ենթադրում եմ, որ փորձելու է կիրառել նաև ցանկացած ընտրական գործընթացում` լինի դա հերթական, թե արտահերթ ընտրություն: Ինքն արդեն դրա մասին խոսում է, ասում, որ ըստ էության հաջորդ ընտրություններում ընտրություն է տեղի ունենալու խաղաղության և առայժմ ինքը ասում է՝ ոչ խաղաղության միջև», – նշել է Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ Փաշինյանի այս հայտարարությունը քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից կարող է արդարացված լինել «Նիկոլ Փաշինյանի անձնական կամ խմբակային շահի տեսակետից»:
Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի անվտանգության համակարգը ներկայումս հիմնված է Փաշինյանի անձի վրա. «Ամեն ինչ զիջենք, որևէ պրոբլեմներ չստեղծենք հարևանների համար և, գուցե, այդ պայմաններում խաղաղություն կլինի. սա նրա կոնցեպտն է»:
Նա հավելել է, որ սա չի նշանակում, թե իշխանափոխության դեպքում անվտանգային ճարտարապետությունը չի փոխվի. «Հնարավոր է այլ մեխանիզմների ստեղծում, որոնք հիմնված կլինեն մի շարք ուժային կենտրոնների շահերի համադրման վրա, և կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք կառաջարկեն տարածաշրջանային և միջազգային կենտրոնների հետ համատեղ լուծումներ, որոնք կնպաստեն նաև Հայաստանի անվտանգությանը», – նշել է Հակոբյանը:
Քաղտեխնոլոգն անդրադարձել է նաև Ադրբեջանի ռազմական քաղաքականությանը:
«Ալիևը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը և պետք է պատրաստ լինի պատերազմի. Սա փաստում է, որ նույնիսկ Փաշինյանը չի կարող ամբողջությամբ հավատալ փաստաթղթերին. իրականում, եթե չկա ռազմաքաղաքական և ուժային հավասարակշռություն, որևէ փաստաթուղթ չի կարող լիարժեք ապահովել խաղաղությունը», – ասել է նա:
Վիգեն Հակոբյանը ընդգծել է նաև, որ ցանկացած խաղաղություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռություն կա:
«Ալիևի և տարածաշրջանային ուժերի նպատակները չեն փոխվել. նրանք կարող են շարունակել դերակատարումը ոչ միայն Հայաստանի հարցերում, այլև լայն միջազգային ու ռազմաքաղաքական հարթակներում»,-եզրափակել է քաղտեխնոլոգը: