
Ադրբեջանի հետ բանակցություններ վարել պետք է, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից. Սերժ Սարգսյան
Կապիտուլյացիան մեկ անգամվա ակտ չէ, մեկ անգամյա գործողություն չէ․ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է կասեցնել Փաշինյանի կողմից սկսած այդ գործընթացը:
«Կապիտուլյացիան շարունակական երևույթ է, այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած ու այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները:
Եթե այդ կասեցումը կլինի, հետո կտեսնենք: Մենք երբեք չենք ասել ու չենք ասելու, որ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել: Իհարկե, պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից և ոչ գերագույն ջանք գործադրելով զիջումների առումով՝ իշխանությունը պահելու նպատակով»,- ասաց Սարգսյանը:
Հարցին՝ իշխանափոխության հնարավորություն կա՞, քանի որ ընդդիմության մոտ իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հարթակ չդարձավ, Սարգսյանն ասաց. «Չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի և չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել»: