
Կառավարությունը ես եմ, այստեղ չեն կարող լինել մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում. Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
ՀՀ-ն իր պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է 1991 թվականից ի վեր. հայտարարել է Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Վեհարանից. իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ չի փոխվել: Նա պետք է հեռանա Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հետնորդների ջանքերով, որոնցից մեկն էլ ես եմ և առաջնորդելու եմ այդ գործընթացը:
- Երբ արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, որ կողմերն այլևս հարցեր չունեն։ Միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է. կողմերն ունեն իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները։
- ՀՀ-ն իր պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է 1991 թվականից ի վեր:
- Հասկանում ենք, որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցությունը հնարավոր չէ, և երբ գա ընտրության կատարելու պահը, մենք կկայացնենք համապատասխան որոշում:
- Նեթանյահուի հայտարարությունը կապ չունի ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի շահերի հետ: Պետք է հասկանանք՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը որևէ կապ չունի մեր պետության և մեր ժողովրդի շահերի հետ: Եկեք հասկանանք, թե ի՛նչ է ստացել Հայաստանի ժողովուրդը Հայոց ցեղասպանության ճանաչումից: Որոշ երկրների ղեկավարների հարցրել եմ՝ ինչո՞ւ եք դուք ճանաչել Հայոց ցեղասպանությունը. դեպքերի զգալի մասում մոտիվացիան ընտրություններում 50-100 հազար ձայն ավելի ձայն ստանալն է:
- Կառավարությունը ես եմ. կառավարությունում չեն կարող լինել մարդիկ, որոնք ունեն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում, եթե այդպիսիք կան, թող հենց հիմա դիմումները գրեն և դուրս գան. եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ: