24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի․ Վահե Հովհաննիսյան

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծերի» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում
անդրադարձել է Արամ Ա կաթողիկոսի երեկվա հայտարարությանը՝ Արցախի հարցում ժողովրդի
անտարբերության վերաբերյալ։ Քաղաքագետը նշել է, որ ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ
միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային
հասարակություն լինել։

«Պետության, պետականության արժեքի հարաճուն անկման պայմաններում
մենք դադարում ենք լինել պետություն ունեցող ժողովուրդ։ Սա է ամենամեծ վտանգը։ Մենք
վերածվում ենք ատոմիզացված բնակչության։ Ու դա ոչ միայն Արցախի հարցում։ Սամռկեցուցիչ,
չդադարող վթարները Հայաստանի ճանապարհներին վկայում են, որ մենք մեքենա վարում ենք
(ապրում ենք) անվտանգության բնազդը կորցրած կենդանու պես։

Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում
են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն
է տապալված, այլ՝ վերնախավերը,-գրել է նա։

Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ լիներ այլ իշխանություն՝ այսօր մենք
կունենային լրիվ այլ որակի հասարակություն։ «Թարմ օրինակ. 2016-ին ապրիլյան պատերազմի
ժամանակ իշխանությունը դրել էր այլ խնդիր՝ համախմբման, ապրումակցման, ոգու ամրության,
և մենք ստացանք այդպիսի ժողովուրդը։ Ավելի հին օրինակ՝ 1988-ի երկրաշարժից հետո իշխանությունը
դրել էր խնդիր, և մենք ունեցանք օգնող, ձեռք մեկնող, ուրիշի ցավը զգացող ժողովուրդ։

Այն, ինչ այսօր անում է գործող իշխանությունը, նրա Հ1-ի քարոզչությամբ,
ցանկացած ժողովրդից կարող է ստանալ էգոցենտրիկ-կենցաղային բնակչություն։ Խեղդվող Արցախի
պայմաններում «պարտադրվող ուրախության» քաղաքականությունը նույն տրամաբանության մեջ
է»,-գրել է նա։

Քաղաքագետն ընդգծել է, որ մեր մտավորականներից շատերը վախենում
են կարծիք ունենալ, կարծիք հայտնել, կարծիք պաշտպանել։ Ոչ միայն Արցախի հարցում, այլև՝
շատ այլ խնդիրների։

«Ես կուզեի՝ մեր Սրբազան հայրերը, մեր հոգևորականները մի պահ պատկերացնեին,
թե որքան հայտնի դեմքեր, արվեստի, մշակույթի գործիչներ են հրաժարվում Արցախի աջակցության
որևէ ակցիայից՝ վախը սրտներում, թե իշխանությունը կբարկանա»,-գրել է նա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կինի այլ իշխանություն, այլ տրամադրվածությամբ
աշխատող պետական համակարգ, Հ1-ի այլ քաղաքական-հանրային ուղերձներ, ընդամենը 100 օր
հետո անճանաչելիորեն կփոխվի մեր հասարակությունը։ «Մենք ինքներս կզարմանանք՝ արդյո՞ք
այն անտարբեր, անմիտ հասարակությունը մենք էինք»,-եզրափակել է նա։