
Լևոն Զուրաբյանը պահանջել է ՀՀ Գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պահանջել է ՀՀ Գլխավոր դատախազից քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ» արտահայտության փաստի վերաբերյալ.
«ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 441.
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով…
Նիկոլ Փաշինյանի սույն հայտարարությունը իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ: Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: