
ԱՄՆ վերաքննիչ դատարանը վճռել է, որ Թրամփի մաքսատուրքերի մեծ մասը ոչ օրինական են
ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերից մեծ մասը անօրինական են. գրում է Reuters-ը: Դատարանը, սակայն, թույլ է տվել, որ մաքսատուրքերը շարունակեն գործել մինչև հոկտեմբերի 14-ը՝ Թրամփի վարչակազմին հնարավորություն տալով դիմել ԱՄՆ Գերագույն դատարան։
Այս որոշումը համընկնում է նաև Դաշնային պահուստային համակարգի անկախության շուրջ իրավական պայքարի հետ, որը նույնպես, ամենայն հավանականությամբ, կհասնի Գերագույն դատարան՝ այս տարի ստեղծելով աննախադեպ իրավական հակամարտություն Թրամփի տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Թրամփը մաքսատուրքերն օգտագործել է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցք իր երկրորդ նախագահության ժամկետում՝ դրանք կիրառելով քաղաքական ճնշման և առևտրային պայմանագրերի վերանայման համար։ Դրանք, մի կողմից, վարչակազմին հնարավորություն են տվել ստանալ զիջումներ առևտրային գործընկերներից, սակայն մյուս կողմից՝ ավելացրել են ֆինանսական շուկաների անկայունությունը։
Թրամփը քննադատել է որոշումը՝ այն անվանելով «ծայրահեղ կողմնակալ դատարանի» վճիռ։ Truth Social-ում նա գրել է․ «Եթե այս մաքսատուրքերն անհետանան, դա երկրի համար ամբողջական աղետի կհանգեցնի»։ Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Գերագույն դատարանը կբարեփոխի իրավիճակը։