
Իսրայելը Գազան հայտարարել է մարտական գոտի և դադարեցրել մարդասիրական օգնությունը
Իսրայելի բանակը հայտարարել է, որ սկսել է Գազայի դեմ հարձակման «նախնական փուլերը»՝ այդ տարածքը հայտարարելով «մարտական գոտի» և դադարեցնելով այնտեղ մարդասիրական օգնության մուտքը. գրում է Al Jazeera-ն:
«Մենք չենք սպասում։ Սկսել ենք նախնական գործողություններն ու հարձակման առաջին փուլերը Գազայում», – գրել է իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիխայ Ադրեեն X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ այս պահին իսրայելական ուժերը «մեծ ուժգնությամբ գործում են քաղաքի ծայրամասերում»։
Միևնույն ժամանակ Իսրայելը հայտնել է, որ գտել է Իլան Վայսի դին․ վերջինս սպանվել էր 2023թ․ հոկտեմբերի 7-ին՝ հարավային Իսրայելում, հարձակման ժամանակ, իսկ նրա մարմինը տեղափոխվել էր Գազա։
Բանակը նաև հաստատել է, որ դադարեցրել է այսպես կոչված «տակտիկական դադարները» հյուսիսային Գազայի տարածքում, որոնք նախկինում սահմանափակ մարդասիրական գործողությունների հնարավորություն էին տալիս։
«Սկսած ուրբաթ առավոտյան 10:00-ից (Երևանի ժամանակով՝ 12:00), Գազայի տարածքում չի գործի ռազմական գործողությունների տեղային-տակտիկական դադարը, քանի որ այն համարվում է վտանգավոր մարտական գոտի», – ասված է բանակի հաղորդագրությունում։
Անցած շաբաթ Սննդի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգման (IPC) նախաձեռնությունը հայտնել էր, որ Գազայում սով է: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ուրբաթ նախազգուշացրել է, որ Գազայի սննդային կենտրոնի աշխատակիցները դժվարանում են դիմակայել թերսնված երեխաների թվի կտրուկ աճին։