
ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի փակումը հարված է անհայտ կորածների որոնման գործընթացին․ Արամ Օրբելյան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակը իր գործունեությունը դադարեցնում է սեպտեմբերի 3-ից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը համոզված է, որ այս որոշումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես անհայտ կորածների որոնման, գերիների իրավունքների պաշտպանության և հումանիտար աջակցության ծրագրերի վրա։
Օրբելյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն գործում է Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների հիման վրա։ Նրա հիմնական առաքելությունը զինված ընդհարումների և պատերազմական իրավիճակների ժամանակ մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է։
Օրբելյանի կարծիքով՝ ԿԽՄԿ-ի Բաքվի մասնաճյուղի փակումը լուրջ բացասական հետևանքներ կունենա, քանի դեռ արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտությունների հետևանքով անհայտ կորածների որոնման գործընթացը լիովին չի ավարտվել։
«Նույնիսկ ամենալավատեսական սցենարով, երբ խաղաղությունն ամբողջությամբ հաստատվի, Կարմիր խաչը մեծածավալ աշխատանք ունի անելու։ Անհայտ կորածների որոնման, զոհվածների մարմինների հայտնաբերման և գերիների հարցերով գործը դեռ հեռու է ավարտից։ Մինչ այդ գործընթացը չի հանձնվել այլ կառույցների կամ հանձնաժողովների, ԿԽՄԿ ներկայությունը շարունակում է մնալ անհրաժեշտ»,- շեշտել է Օրբելյանը։
Օրբելյանի կարծիքով՝ Բաքվի գրասենյակի փակման որոշումը մեծապես պայմանավորված է Ադրբեջանի պահանջով․
«Ադրբեջանը փորձում է ամբողջությամբ ապամոնտաժել բոլոր այն կառույցները, որոնք հիշեցնում են նախկին հակամարտության մասին։ Նույն տրամաբանությամբ լուծարվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ ԿԽՄԿ-ի գրասենյակի փակումը այդ գործընթացի շարունակությունն է»,- նշել է նա։
Օրբելյանը նաև ընդգծել է, որ նախկինում Ադրբեջանը շահագրգռված էր ԿԽՄԿ-ի ներկայությամբ, քանի որ դրա միջոցով կարող էր բարձրացնել որոշ հարցեր Հայաստանի դեմ, սակայն այսօր հակամարտության բնույթը փոխվել է, և Բաքվի մոտիվացիան նվազել է։
Մասնագետի համոզմամբ՝ նույնիսկ եթե գրասենյակի գործունեության ձևաչափը փոխվի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածությունը շարունակում է մնալ կարևոր։ «ԿԽՄԿ-ի ներկայությունը մեր տարածաշրջանում անհրաժեշտ է այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հումանիտար խնդիրները չեն ստացել ամբողջական լուծում»,- եզրափակել է Օրբելյանը։