
Բելգիան կճանաչի Պաղեստինը որպես պետություն և պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի դեմ
Բելգիայի Արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ երկիրը այս ամսվա վերջում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կճանաչի Պաղեստինի պետությունը. գրել է Al Jazeera-ն:
«Բելգիան ՄԱԿ-ի նիստում կճանաչի Պաղեստինը և խիստ պատժամիջոցներ կհայտարարենք Իսրայելի կառավարության դեմ»,– ասել է Պրևոն:
Նա նշել է, որ Բելգիան նախատեսում է կիրառել 12 պատժամիջոց, այդ թվում՝ արգելք Իսրայելական անօրինական բնակավայրերից Արևմտյան ափում ներմուծվող ապրանքների վրա և պետական գնումների քաղաքականության վերանայում իսրայելական ընկերությունների հետ։
Պրևոն ընդգծել է, որ այս որոշումը կայացվել է Պաղեստինում, հատկապես Գազայում, շարունակվող հումանիտար ճգնաժամի ֆոնին։ Միաժամանակ նա նշել է, որ Պաղեստինի ճանաչումը վերջնականապես կձևակերպվի միայն այն դեպքում, եթե Գազայից բոլոր գերիները ազատ արձակվեն և ՀԱՄԱՍ-ն այլևս դեր չունենա Պաղեստինի կառավարման մեջ։
Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը ևս նախկինում ասել էր, որ Պաղեստինի ճանաչումը պետք է պայմանավորված լինի խիստ պայմաններով։
Ավելի վաղ՝ հուլիսի վերջին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ իր երկիրը կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Սեպտեմբերի 22-ին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան համատեղ կղեկավարեն Պաղեստինի ճանաչման հարցով հանդիպում։ Ավստրալիան, Կանադան և Միացյալ Թագավորությունն էլ հայտարարել են, որ պատրաստվում են այս ամսվա ընթացքում ճանաչել Պաղեստինը:
Իսրայելը և ԱՄՆ-ն կտրուկ քննադատել են այդ քայլերը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի որոշումը որակել է որպես «անպատասխանատու քայլ», որը «ծառայում է ՀԱՄԱՍ-ի քարոզչությանը»։ Ռուբիոն նաև հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է մերժել և հետ կանչել Պաղեստինի պաշտոնյաների վիզաները Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի նստաշրջանից առաջ։