
Օգոստոսի 8-ի գործարքում բացակայում է արդարությունն ու արժանապատվությունը. Արա Այվազյան
Արցախի ժողովուրդը հռչակեց իր անկախությունը, սակայն այս միջոցառումը չի կարող և չպետք է լինի պարզապես հիշատակում․ այս մասին «Արցախ. Չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«Մենք այստեղ չենք հավաքվել նույն արտահայտությունները կրկնելու, անցյալը վերհիշելու, ծանր սրտով և դատարկ ձեռքերով տուն գնալու համար։ Արցախի ժառանգությունը ավելիին է արժանի։ Այն պահանջում է հստակ տեսլական, խորաթափանց մտորումներ և գործնական քայլեր՝ դեպի անվտանգ ուժեղ և հարգված Հայաստան»,– ասել է դիվանագետը։
Այվազյանը խոսել է օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կնքված համաձայնագրի մասին․
«Ինչպես տեսանք, հռչակվեց, որ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել և մեկընդմիշտ փակվել է Արցախի հարցը, որ ոմանք այն անվանեցին պատմական, մյուսները ողջունեցին այն որպես կարգավորման բեկումնային ուղի, բայց ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում։ Անկեղծ լինենք՝ խաղաղությունը չի կարող ժողովրդից թաքուն մեկ օրում հաստատվել օտարերկրյա մի մայրաքաղաքում։ Այն չի կարող պարտադրվել վերևից, ոչ էլ հաստատվել համաշխարհային լրատվամիջոցների համար լուսանկարված ձեռքսեղմումներով։ Իսկական խաղաղությունը, իրական խաղաղությունը մեկ առանձին իրադարձություն չէ։ Դա գործընթաց է, որի արմատները հիմնված են արդարության, վստահության և արժանապատվության վրա։ Եվ երբ նայում եմ օգոստոսի 8-ի այս գործարքին, ես տեսնում եմ արդարության, վստահության և արժանապատվության լիակատար բացակայությունը»։
Նրա խոսքով՝ հետվաշինգտոնյան Հայաստանում հարաբերական անդորրը փորձում է ներկայացնել որպես արդեն իսկ հաստատված խաղաղություն։ Զենքերը կարող են առայժմ լռել, բայց արդյո՞ք սրտերն ապաքինվել են, վերքերը փակվել են, բռնի տեղահանվածները վերադարձել են տուն։ Արդյո՞ք ճշմարտությունը ասվել և ընդունվել է։ Եթե մենք խաղաղություն ենք ուզում, ոչ թե պարզապես դադար, ապա պետք է ավելի խորը զննենք։
«Այստեղ ծնվում է երկրորդ հարցը, որի պատասխանը մենք պետք է ստանանք: Հնարավո՞ր է կամ նույնիսկ ճի՞շտ է արդյոք փակել Արցախի թեման կամ մեր պատմության Արցախի գլուխը: Ինչպես տեսանք, ոմանք ինքնամոռաց շտապեցին դրական պատասխանել այս հարցին՝ ասելով, որ ամեն ինչ ավարտվեց և պետք է նայել դեպի ապագա։ Նրանց գնահատականով՝ տարածաշրջանը ձեռքից ձեռք է անցել, աշխարհը լռում է, հետևաբար էլ ի՞նչ կա անելու։ Որպես հիմնավորում մեզ ասում են, որ միայն Արցախից հրաժարվելով կարող ենք պահպանել մեր ինքնիշխանությունը և երաշխավորել մեր ապագան։ Սակայն այս պնդումը, որը կրկնվում է որպես Աստվածաշնչի պատգամ, ոչ միայն կեղծ է, այլև բարոյապես սնանկ և կույր պատմականորեն։ Ինքնիշխանությունը չի ապահովում զուգաբերելով ժողովրդի մի հատվածին։ Տարածքային ամբողջականությունը չի երաշխավորվում խրախուսելով ագրեսիան։ Ազգը չի պաշտպանվում ջնջելով նրա հիշողությունը»,–ասել է Այվազյանը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը օրինականացրեց ուժի կիրառումը, խրախուսեց էթնիկ զտումները և անտեսեց Արցախում հայկական ժառանգության և ինքնության միտումնավոր ոչնչացումը։