
Թղթե խաղաղություն է, որի դիմաց վճարեց հայ ժողովուրդը․ Արմեն Ռուստամյան
Այս վարչախումբը մտածված մեր ժողովրդին տարավ նվաստացուցիչ պարտության․ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Արցախի անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքում։
Նա նշել է, որ գործող իշխանությունները նախաձեռնեցին քաղաքականություն, որը սկսվեց ոչ թե Արցախի անկախությունը պահպանելու, այլ դրա կորուստը ապահովելու ուղղությամբ։
«44 օր «հաղթելու ենք» գոռալով՝ իրականում հազարավոր մեր եղբայրներին ու քույրերին տարան մահվան՝ հանուն վարչախմբի շահերի»,- ասել է Ռուստամյանը՝ քննադատելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Թղթե խաղաղություն է։ Թրամփը ստացավ Նոբելյան մրցանակի հավակնորդի կարգավիճակ, Ալիևը՝ իր հերթական պահանջների բավարարումը, Փաշինյանը՝ խաղաղություն թղթի վրա, իսկ գինը վճարում է հայ ժողովուրդը»,-ընդգծել է Ռուստամյանը:
Նա շեշտել է, որ այս փաստաթղթերը նոր զիջումներ են ենթադրում՝ անտեսելով Արցախի հայաթափման, պատանդների վերադարձի և Հայաստանի տարածքների բռնազավթման հարցերը։
«Հայ ժողովրդին հատվածների բաժանելը և նրանց շահերը հակադրելը եղել է մեր պարտությունների գլխավոր պատճառը։ Մեր պարտքն է թույլ չտալ, որ պատրանքային խաղաղության սպասումով ժողովուրդը կրկին խաբվի»,-ասել է Ռուստամյանը: