24 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն չի գնա Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը, քանի որ դրանից օգուտ չունի․ թուրքագետը՝ ռուսական հյուպատոսարան բացելու մասին

ՌԴ-ն չի գնա Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը, քանի որ դրանից օգուտ չունի․ թուրքագետը՝ ռուսական հյուպատոսարան բացելու մասին

 Ռուսաստանը Կիպրոսի թուրքական օկուպացիայի տակ գտնվող հատվածում
հյուպատոսարան է բացում․ տեղեկությունը տարածել էին ռուսական լրատվամիջոցները՝ նշելով,
որ այնտեղ ապրում է մոտ 50000 ռուսաստանցի։

«Կարծում եմ, որ վաղ է եզրակացություններ անել այն մասին, թե այս
քայլով ՌԴ-մ ճանաչել է Կիպրոսի թուրքականացումը, քանի որ սա պաշտոնական հայտարարություն
է։ Նպատակ ունեն ուղղակի հեշտացնելու հյուպատոսական աշխատանքները՝ կապված այնտեղ բնակվող
ռուսների հետ»,-մեկնաբանելով տեղեկությունը՝ ABC Мedia-ի հետ զրույցում  ասաց
թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Ըստ մասնագետի՝ որևէ եզրակացության գալուց առաջ պետք է մի փոքր
սպասել։ «Պետք է հաշվի առնել, որ ներկա փուլում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն
այն մակարդակի վրա չեն, որի վրա էին մեկ շաբաթ առաջ»,-նշեց ն։

Թուրքագետը ռուս-թուրքական ներկա հարաբերությունների փոփոխությունը
բացատրում է նրանով, որ թուրքական կողմը դրժել է իր խոստումն ու Ուկրաինական կողմին
վերադարձրել է «Ազովի» ջոկատի հրամանատարներին, ովքեր էլ այս պահին վերադարձել են մարտադաշտ։

«Եթե սա լիներ այն փուլում, երբ ռուս-թուրքական հարաբերություններն
ավելի ջերմ էին՝ մի փոքր այլ կլիներ տպավորությունը»,-նկատեց նա։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ անգամ Թուրքիայի ավելի մոտ դաշնակիցները,
ովքեր կախում ունեն իրենից՝ չեն ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, Ռուսաստանն այստեղ շահագրգռվածություն
չունի այդ ուղղությամբ։

Թուրքագետը պնդում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան անգամ դաշնակիցներ
չեն, պարզապես երկուսի շահերը համընկնում են։

«Նրանք երկու տարբեր ճամբարներում են։ Ռուսաստանի հարաբերություններն
Արևմուտքի հետ գնալով ավելի են սրվում»․-նշեց Սաֆրաստյանը։

Թուրքագետը չի բացառում, որ ՌԴ-Արևմուտք հարաբերություններն էլ
ավելի կսրվեն, իսկ Եվրամիության անդամ Կիպրոսը Արևմուտքի մաս է կազմում։

«Եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա չեմ կարծում, որ ՌԴ-ն այս
փուլում կգնա՝ աշխարհի հետ հարաբերությունների այս մակարդակի սրացմանը։ Իմ ընդհանուր
գնահատականն այն է, որ ՌԴ-ն չի գնա այդ քայլին, որովհետև դրանից ինքը մեծ օգուտ չի
ստանա»,-նշեց Սաֆրաստյանը։