04 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել

ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի շուրջ համապարփակ համաձայնության, որի շրջանակում կազատվեն բոլոր իսրայելցի պատանդները՝ փոխարենը ազատ արձակելով որոշակի թվով պաղեստինցի կալանավորների. գրում է Asharq լրատվական կայքը։

Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր 20 պատանդներին։

«Ասացեք ՀԱՄԱՍ-ին, որ ԱնՄԻՋԱՊԵՍ վերադարձնի բոլոր 20 պատանդներին, ոչ թե 2-ին, 5-ին կամ 7-ին), և ամեն ինչ արագ կփոխվի։ Պատերազմը կավարտվի»,– գրել է նա Truth Social հարթակում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը արձագանքել է ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը՝ նշելով․ «Ցավոք, սա ՀԱՄԱՍ-ի հերթական հնարքն է, որը որևէ նոր բան չի պարունակում»։

Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է, որ Գազայի պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե բոլոր պատանդները ազատ արձակվեն, ՀԱՄԱՍ-ը զինաթափվի, Գազայի հատվածը ապառազմականացվի, Իսրայելը վերահսկողություն հաստատի, և ստեղծվի այլ քաղաքացիական վարչակազմ։

Ավելի վաղ՝ օգոստոսին, ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր 60-օրյա հրադադարի առաջարկին, որն ընդգրկում էր Գազայում պահվող պատանդների կեսի ազատ արձակումը և Իսրայելի կողմից որոշ պաղեստինցի կալանավորների բաց թողումը։ Եգիպտոսի պաշտոնական աղբյուրի խոսքով՝ այդ առաջարկը նախատեսում էր 60 օրով դադարեցնել Իսրայելի ռազմական գործողությունները և ձևակերպում էր համապարփակ համաձայնության շրջանակ՝ մոտ երկու տարի տևող հակամարտությունը ավարտելու համար։

Նեթանյահուն օրեր անց հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է շարունակել բանակցությունները բոլոր պատանդների ազատման և պատերազմի ավարտի շուրջ, բայց միայն այն պայմաններով, որոնք ընդունելի կլինեն Իսրայելի համար։

 

Ռազմագերիներ