
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել ՀՀ և Ադրբեջանի տարածք. ՀՀ ԱԳՆ
Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով», – նշված է հայտարարության մեջ:
Պատվիրակությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել պատվիրակությունների հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:


