
Թրամփը վերջին անգամ նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը աշխատում է մի լուծման վրա, որը, նրա խոսքով, կարող է օգտակար լինել Գազայի համար. գրում է Al Jazeera-ն, հավելելով, որ նա այդ մասին ասել է Վաշինգտոն ժամանելուն պես, Նյու Յորք կարճատև այցից հետո։
Թրամփն ընդգծել է, որ Իսրայելի պատերազմը Գազայում և ՀԱՄԱՍ-ի կողմից տասնյակ իսրայելցիների պատանդ պահելը «մեծ խնդիր» է։
«Սա մի խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել Մերձավոր Արևելքի, Իսրայելի և բոլորի համար։ Մենք այդ հարցը լուծելու ենք։ Շատ շուտով դուք դրա մասին կլսեք։ Մենք փորձում ենք ավարտին հասցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին», – ասել է նա։
Կիրակի ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ նոր առաջարկ է ներկայացրել պատերազմի դադարեցման համար՝ նշելով, որ Իսրայելը ընդունել է իր պայմանները։ Նա զգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ մերժման դեպքում լինելու են հետևանքներ։
Ամերիկացի պաշտոնյաները բազմիցս պնդել են, թե Իսրայելը համաձայնում է հրադադարի նախաձեռնություններին, մինչդեռ իսրայելցի ղեկավարները շարունակել են խոստանալ ռազմական գործողությունների ուժեղացում։ Մարդու իրավունքների կազմակերպություններն ու մի շարք փորձագետներ տեղի ունեցողը բնորոշում են որպես ցեղասպանություն։
«Բոլորը ցանկանում են, որ պատանդները վերադառնան տուն։ Բոլորը ցանկանում են, որ այս պատերազմը ավարտվի։ Իսրայելն ընդունել է իմ պայմանները։ Ժամանակն է, որ ՀԱՄԱՍ-ն էլ ընդունի։ Ես զգուշացրել եմ նրանց մերժման հետևանքների մասին։ Սա իմ վերջին նախազգուշացումն է, այլևս չի լինելու», – գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։
Նրա ներկայացրած պայմանների բովանդակությունը այս պահին հստակ չէ։