
Անելու ենք՝ մեր ձևով. Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը սեպտեմբերի 8-ին նոր ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից, ընդգծելով՝ աշխատանք բոլորի համար։ Բարեկեցություն բոլորի համար:
Նրա խոսքով, սա տիպիկ հայաստանյան տեսարան է, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը:
«Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով, այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով:
«Վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը»,- ասել է Կարապետյանը:
Նրա գնահատմամբ, Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:
«Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները պետք է լինեն իրական, հողի վրա. գյուղացու բերքը մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը:
«Իսկ մեր գյուղմթերքը լավ հումք կարող է լինել սննդի արդյունաբերության զարգացման: Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է լինեն ներկայացված Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ: Վստահ եմ, որ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանքը բոլորի համար: Անելու ենք՝ մեր ձևով»,- ասել է Կարապետյանը: