
Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցի առանցքային կետերը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Մոտ օրերս Երևանում կկայանա իմ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը․ հանդիպմանը քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ողջ օրակարգը։
- Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ։
- Հայկական կողմից խոչընդոտներ չկան, իսկ հարաբերությունների հաջող հաստատման օրինակ է ՀՀ-ի և Պակիստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
- Հանդիպամ ժամանակը երբ գա, հավելյալ տեղեկություններ կհայտնենք։
- Կխոսենք ինչպես այն քայլերի մասին, որոնք արդեն արվել են, այնպես էլ նրանց մասին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մեր վերջին հանդիպումից հետո քննարկումներ եղան Կարս–Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի շուրջ։
- Օրակարգում տեղ է գտել նաև Անիի պատմական կամրջի վերականգնման թեման։
- Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատան մասին է, բնականաբար երկկողմ քննարկումները հենց սրա մասին են։
- Վաշինգտոնյան համաձայնությունները և Վաշինգտոնյան հռչակագիրը շատ կարևոր իրադարձություններ են, որը միանշանակ կազդի և՛ տարածաշրջանային գործընթացների վրա, և՛ ընդհանրապես տարածաշրջանից դուրս գործընթացների վրա։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված։