
Հայաստանի դիվանագիտությունը դարձել է Թուրքիայի «Ոսկե ձկնիկը»․ Ռուբեն Մելքոնյան
Այս գործընթացը, ինչպես հայտնի է, վաղուց է սկսվել։ Իմ կարծիքով, այն մեծապես ունի իմիտացիոն բնույթ, և թուրքական իշխանությունները ներգրավված են stay by ռեժիմով, այսինքն գործընթացի մեջ են, բայց գործընթացում ոչ մի առաջընթաց չկա, չհաշված ընթացակարգային հանդիպումները․ ABC Media-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա օրերին սպասվող հայ-թուրքական բանակցություններին՝ ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Ընթացակարգային հանդիպումների տաղտկալիությունը երբեմն ցրելու համար, այդ հանդիպումներն օրինակ անցկացնում են Մարգարայի անցակետում։ Հիմա էլ սպասվող հանդիպումը պետք է լինի այնպիսին, որ թուրք բանագնացը Հայաստան կժամանի ոչ թե ինքնաթիռով, այլ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանով։
Սա Հայաստանի ոչ ճիշտ քաղաքականության հերթական դրվագն է, երբ իրենց թվում է, թե Թուրքիային կարող են ստիպել հետ կանգնել իր համար սկզբունքային շատ կարևոր կետերից, որոնք կապված են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ, և իբրև թե հասնել դիվանագիտական հաջողությունների։ Իրականությունը այն է, որ թուրքական դիվանագիտությունը շարունակում է իր հաղթարշավը, իսկ հայկական դիվանագիտությունը նայողի դերում է, և չի կարողանում և ենթադրում եմ, չի էլ ցանկանում որևէ կերպ խոչընդոտել թուրքական դիվանագիտության հաղթարշավին»,- նշել է թուրքագետը։
Մասնագետը համոզված է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը չի լինելու արագ։ Նրա խոսքով՝ Անկարան գտել է իր «Ոսկե ձկնիկը», որը ներկայումս Հայաստանի դիվանագիտությունն է, և փորձում է կորզել բոլոր հնարավոր զիջումները, նույնիսկ՝ անհնարինները։
««Ոսկե ձկնիկը» շատ շռայլ է՝ ամեն ինչ տալիս և զիջում է, ուստի Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այդ «Ոսկե ձկնիկը» սպառի իր բոլոր հնարավորությունները կամ բավարարի Թուրքիայի ակնկալիքները։ Այդ դեպքում արդեն սահմանի բաց կամ փակ լինելը շատ լուրջ նշանակություն չի ունենա։
Իհարկե, այս գործընթացները կարող են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները հասցնել դիվանագիտական հաստատման, բայց այդ հարաբերությունները ձևավորվելու են այն պայմաններում, որտեղ Արցախն այլևս չկա, ազգային հիշողությունը աղճատված է, և Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխված է հետին պլան։ Եթե սահմանի բացումը տեղի ունենա այսպիսի պայմաններում, դա արդեն վկայում է, թե ինչ աշխարհաքաղաքական և ռազմավարական հետևանքներ կունենա Հայաստանի համար»,- եզրափակել է Մելքոնյանը։