Ալիևը, Զաքիր Հասանովը, ադրբեջանցի այլ պաշտոնյաներ կարող են պատասխանատվության ենթարկվել Արցախում ցեղասպանության համար․ զեկույց
Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ խնդրելով
փորձագիտական կարծիք՝ արդյո՞ք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն
հանցագործությանը:
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարություն է տարածել
Լուիս Մորենո Օքամփոյի փորձագիտական զեկույցի վերաբերյալ։
«Զեկույցը միարժեքորեն պնդում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվում
է՝ շարունակական ցեղասպանություն, ինչը հիմնավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը
կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածի շրջանակներում, որը ցեղասպանություն
է սահմանում նաև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը,
որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»,-ասված է ՀՅԴ Հայ դատի
կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Օքամփոյի զեկույցը բաղկացած է երեք հիմնական մասերից և անդրադառնում
է Արցախում ընթացիկ ցեղասպանության հանցագործության՝ որպես այդպիսին հիմնավորմանը,
դրա պատասխանատուների նույնականացմանն ու հետաքննման ու հետաքննման հնարավորություններին,
ինչպես նաև հանցագործության կանխարգելման ճանապարհներին։
Զեկույցի հեղինակը նույնականացնում է ցեղասպանության խնդրո առարկա
դեպքի առթիվ պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը ու նրանց միջազգային պատասխանատվության
կանչելու իրավական մեխանիզմները։ Ըստ այդմ, բացի նախագահ Իլհամ Ալիևից, սույն հանցագործության
համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար
Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը, պետական սահմանի
պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ
ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիևը,
ինչպես նաև միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ
Շաֆիևը։
Նախագահ Ալիևի պարագայում տրված են նրա նախագահական անձեռնմխելիության
հաղթահարման հնարավորությունները՝ Միջազգային քրեական դատարանի կողմից։