
Լեհաստանն իր օդային տարածքում ռուսական անօդաչուներ է ոչնչացրել
Լեհաստանն իր տարածքում ռուսական անօդաչուներ է ոչնչացրել, որոնք նախատեսված էին Ուկրաինական տարածքներ ներխուժելու համար. գրում է Al Jazeera-ն, հղում անելով Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Հայտարարության մեջ նշվում է․ «Ռուսաստանի Դաշնության այսօրվա հարձակման ընթացքում, որի նպատակն էր թիրախներ ոչնչացնել Ուկրաինայում, բազմիցս խախտել են մեր օդային տարածքն իրենց անօդաչուներով»:
Հրամանատարության որոշմամբ օգտագործվել են զինատեսակներ, և իրականացվում են գործողություններ ոչնչացված թիրախները հայտնաբերելու համար։ Լեհական բանակը նաև նշել է, որ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները բարձրացվել են օդ՝ ապահովելու օդային տարածքի անվտանգությունը։ Օդային պաշտպանության և ռադարային համակարգերը բերվել են առավելագույն պատրաստվածության։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ իրականացվում է գործողություն՝ կապված լեհական օդային տարածքի բազմակի խախտումների հետ․
«Զինուժը կիրառել է զինատեսակներ անօդաչուների դեմ։ Ես մշտական կապի մեջ եմ նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Գործողության մասին ուղիղ զեկույց եմ ստացել օպերատիվ հրամանատարից»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանում չորս օդանավակայան, ներառյալ Վարշավայի հիմնական «Շոպեն» օդանավակայանը, փակվել են ռազմական գործողությունների պատճառով։ Ըստ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության հրապարակած տեղեկությունների՝ փակվել են նաև Ռժեշով-Յասիոնկա, Վարշավա Մոդլին և Լյուբլին օդանավակայանները։