10 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները՝ ամփոփ

Լեհաստանի օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները՝ ամփոփ

Ուկրաինայի վրա զանգվածային հարձակման ժամանակ Լեհաստան թռչող ռուսական անօդաչու թռչող սարքերը վկայում են, որ Վլադիմիր Պուտինի անպատժելիության զգացումը շարունակում է աճել, քանի որ նա պատշաճ կերպով չի պատժվել իր նախկին հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Պուտինը շարունակում է սրել իրավիճակն, ընդլայնել պատերազմը և փորձարկել Արևմուտքի ուժը։ Որքան երկար նա ուժ չստանա ի պատասխան, այնքան ավելի ագրեսիվ կդառնա։ Հիմա թույլ պատասխանն ավելի կգրգռի Ռուսաստանին, իսկ այդ ժամանակ ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը կթռչեն ավելի խորը դեպի Եվրոպա», – նշել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ այս իրավիճակը ցույց է տալիս, որ վերջապես պետք է որոշում կայացվի, որը թույլ կտա օգտագործել հարևան երկրների հակաօդային պաշտպանության հնարավորություններն՝ Ուկրաինայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները որսալու համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի սահմաններին մոտեցող սարքերը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է. «Երեկ երեկոյան Լեհաստանում մենք ականատես եղանք Ռուսաստանի կողմից Եվրոպայի օդային տարածքի ամենալուրջ խախտմանը պատերազմի սկզբից ի վեր, և կան հիմքեր ենթադրելու, որ դա միտումնավոր էր, այլ ոչ թե պատահական»։

«Ռուսաստանի հետ պատերազմը սրվում է, ոչ թե ավարտվում։ Մենք պետք է ավելացնենք ծախսերը՝ Մոսկվային հակազդելու համար, ամրապնդենք Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ներդրումներ կատարենք Եվրոպայի պաշտպանության մեջ։ ԵՄ-ը կարևոր դեր ունի խաղալու, և մենք կաջակցենք այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսին է արևելյան սահմանին պաշտպանական գծի կառուցումը», – նշել է Կալլասը:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ՆԱՏՕ-ի ղեկավարությանը տեղեկացրել է երկրի օդային տարածքի խախտման և խոցված անօդաչու թռչող սարքերի մասին:

Այս ֆոնին Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռներ, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշման համակարգերը բերվել են ամենաբարձր պատրաստության վիճակի:

Reuters-ի տվյալներով՝ ՆԱՏՕ-ն Լեհաստանում անօդաչու թռչող սարքի միջադեպը չի համարում հարձակում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային խոստացել է 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ մշակման համար:

Ռազմագերիներ