
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամությունն այժմ հեռավոր հիշողություն է թվում․ միջազգային մամուլ
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց ի վեր, Ադրբեջանը բազմիցս իր լիակատար աջակցությունն է հայտնել Ուկրաինային․ գրել է Eureoirter-ը։ Ինչպես նշվել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որով Ուկրաինային 2 միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացվում:
Հրամանագրի համաձայն՝ միջոցները կօգտագործվեն Ադրբեջանի էներգետիկայի նախարարության կողմից՝ տեղական արտադրության էլեկտրական սարքավորումներ գնելու և դրանք Ուկրաինա մատակարարելու համար: Ֆինանսավորումը կկատարվի 2025 թվականի պետական բյուջեի նախագահի պահուստային ֆոնդից:
Ֆինանսների նախարարությանը հանձնարարված է ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը, մինչդեռ Նախարարների կաբինետը կհսկի հրամանագրի կատարումը: Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ ի պատասխան շարունակվող ճգնաժամի: «Ռուսաստանի կողմից Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ին լայնածավալ ներխուժումից հետո թե՛ ադրբեջանական քաղաքական վերնախավը, թե՛ լայն հանրությունը ուկրաինացի ժողովրդին իրենց ուժեղ աջակցությունն են հայտնել: Ներխուժման սկսվելուց կարճ ժամանակ անց հարյուրավոր ադրբեջանցիներ հավաքվել են Բաքվում Ուկրաինայի դեսպանատան առջև:
Ադրբեջանի կառավարությունն արագ արձագանքել է՝ ուղարկելով մարդասիրական օգնություն և հայտարարելով, որ SOCAR պետական նավթային ընկերությունն անվճար վառելիք կտրամադրի շտապօգնության մեքենաներին և արտակարգ իրավիճակների մեքենաներին Ուկրաինայում գտնվող իր բենզալցակայաններում», – գրել է կայքը՝ հավելելով, որ 2023 թվականի վերջին Ադրբեջանը ավելի քան 30 միլիոն դոլար էր հատկացրել մարդասիրական օգնության և Ուկրաինայի վնասված ենթակառուցվածքների վերականգնման համար։ Ըստ պարբերականի՝ Ադրբեջանը դառնում է ԵՄ-ի անփոխարինելի դաշնակիցը:
Ավելի խորը վերլուծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994 և 2020 թվականներին կնքված երկու զինադադարները, սակայն նրա ներգրավվածությունը հաճախ ծառայել է իր սեփական ռազմավարական շահերին, այլ ոչ թե՝ խաղաղությանը: Վերջին ամիսներին Ադրբեջանը մերձեցել է Ուկրաինային՝ աստիճանաբար հրաժարվելով խոշոր տերությունների միջև հարաբերությունները հավասարակշռելու իր ավանդական քաղաքականությունից։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը սրվել է, մասնավորապես՝ 2024 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության մասնակցությամբ տեղի ունեցած ինքնաթիռի վթարից հետո, որի համար Բաքուն պատասխանատու է համարում Ռուսաստանին։ Մեկ այլ լուրջ միջադեպ էլ ավելի է սրել հարաբերությունները. Եկատերինբուրգում Ռուսաստանի ոստիկանության գործողության ընթացքում երկու եղբայրներ՝ Հուսեյն և Զիյադին Սաֆարովները, մահացել են։
Դրանից հետո Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «խիստ բողոք» հայտնելու համար։ Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել է ռուսական հաստատությունների հետ կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումների չեղարկման մասին։ Բացի այդ՝ ռուսական սննդամթերքը հայտարարվել է «սպառման համար ոչ պիտանի» և հրապարակայնորեն ոչնչացվել է։ Ինչպես գրել է ֆրանսիական RFI-ն․«Երկու երկրները խորասուզվում են դիվանագիտական ճգնաժամի մեջ. Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամությունն այժմ հեռավոր հիշողություն է թվում»։