
Կկրճատվեն ՀՀ պաշտպանական ծախսերը․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առանցքային կետերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանել է պատգամավորների հարցերին։ Փաշինյանի հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Չի կարող լինել սահման՝ առանց սահմանապահի։ Բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը։ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Վրաստան, ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Իրան սահմանին, օդանավակայանում պետք է այդ կարգավորումը մտցնել։ Լինելու է 21-րդ դարին հարիր մաքսային սահմանային հսկողություն։ Մարդկային կոնտակտ կլինի, երբ այդ սարքի հետ կապված խնդիր լինի։
- TRIPP-ը ՀՀ-ԱՄՆ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ԱՄՆ նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։
- Մենք 34 տարվա անկախ պետություն ենք և նոր պետք է հասկանանք, որ գործընկերությունն ամուսնություն չէ, ընկերություն է։ Ամուսնացած մարդը եթե ունենում է մեկից ավել զուգընկեր, կոչվում է դավաճանություն, իսկ երբ ունենում ես մեկից ավել ընկերներ, նշանակում է՝ նորմալ մարդ ես։ Ոչ միայն ընկեր ունես, այլև քո ընկերների շրջապատը լայնանում է։
- Ես ուզում եմ ուղիղ ասել, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում և հանդիպման ընթացքում, և Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում խոսել եմ այն հնարավորությունների մասին, որ բացվում են մեր հարաբերությունները խորացնելու համար։
- Կոմպրոմիս չի’ լինելու: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան լավ: Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական և բովանդակային հարցերը։
- Այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն, չեն լինելու քաղաքական ելույթներ։ Այս պրոցեսի նպատակը ինտրիգը չէ, ինչ-որ կադրային հարց լուծելը չէ: Եկեղեցին մեր սրբությունն է, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի լինելու: Ես ուղիղ եմ ասում: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ: Չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան:
- Պաշտպանական ծախսերը կկրճատվեն։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ: Եթե 2025–ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, մենք կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականների բնականոն աճ: Այն, որ 2026–ին 2025–ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ։