11 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Պահանջում եմ չկրկնել Կատարին ուղղված հարվածները»․ Թրամփը բարկացել է Նեթանյահուի վրա

«Պահանջում եմ չկրկնել Կատարին ուղղված հարվածները»․ Թրամփը բարկացել է Նեթանյահուի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարտավորվի նոր հարվածներ չհասցնել Կատարին. հաղորդել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ այդմ՝ Նեթանյահուն հարվածներից առաջ չի խորհրդակցել Թրամփի կամ նրա որևէ խորհրդականի հետ։ Պորտալի աղբյուրների տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին Թրամփը երկու հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ քննարկելու Կատարին հարվածելու հարցը։ «Սա անընդունելի է։ Ես պահանջում եմ, որ դուք չկրկնեք դա», – աղբյուրները մեջբերել են Թրամփի խոսքերն՝ ուղղված Նեթանյահուին։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ամերիկացի առաջնորդը լարված հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, որի ընթացքում նա դժգոհություն է հայտնել Դոհայի վրա հարվածի վերաբերյալ։ Թրամփը նաև դժգոհ է եղել, որ այս հարձակման մասին իմացել է ոչ թե Իսրայելից, այլ՝ ամերիկյան զինվորականներից։

Սեպտեմբերի 9-ին Դոհայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։ Կարճ ժամանակ անց Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները՝ Գլխավոր անվտանգության ծառայության աջակցությամբ և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին։ Կատարի վարչապետի խորհրդական և Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին հաստատել է, որ հարձակման համար պատասխանատու է Իսրայելը։ Ըստ էմիրության Ներքին գործերի նախարարության՝ հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից, իսկ մի քանիսը վիրավորվել են։ Նախարարությունը շեշտել է, որ Դոհայում իրավիճակը շարունակում է անվտանգ մնալ։

Ռազմագերիներ