
«Ստե՛լ եք, ստե՛լ»․ Աննա Գրիգորյանը կետ առ կետ հերքեց իշխանականների պնդումները Բագրատ սրբազանի գործով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործին՝ կետ առ կետ հերքելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի պնդումները։
«Ասում են՝ «գյուլլելու պատմությունը» բավականին երկար քննարկվել է, թե իբր Բագրատ սրբազանը, մեր գործընկեր Արթուր Սարգսյանը և բազմաթիվ այլ հայրենակիցներ քննարկում էին իշխանությունը ահաբեկչական գործողություններով վերցնելը։ Եվ այդ ընթացքում ասվում էր, թե մարդիկ պլանավորում էին մի քանի մարդու «գյուլլել»։ Հիմա ձայնագրությունները հրապարակված են։ Այնտեղ իշխանություն վերցնելու որևէ սցենար չի քննարկվում, որն ուղղորդվում է «գյուլլելով»։ Ես «գյուլլելու» ցանկում ցանկացած տրամաբանության, ցանկացած մոտեցման, իհարկե դեմ եմ, բայց այն քննարկումը, որ տեղի է ունեցել, ընդհանրապես կապ չունի իշխանափոխության գործընթացի հետ»,- հայտարարել է Գրիգորյանը։
Նա մեջբերել է Հովհաննես Ավետիսյանի խոսքը, ում հետ տեղի էր ունեցել Սրբազանի զրույցը, և որի ընթացքում նա ասել էր․ «Ոչ մի պայմանով ոստիկանների հետ կռվի մտնել չի կարելի, ո՛չ հայհոյանք, ո՛չ խփել․․․»։
Գրիգորյանը ընդգծել է, որ Բագրատ Սրբազանն ու մյուս մասնակիցները հստակ նշել են, որ իշխանափոխությունը պետք է իրականացվի միայն խաղաղ անհնազանդության ակցիաների միջոցով, և որևէ բռնություն անթույլատրելի է։ Նա նաև հավելել է, որ գլխավոր դատախազը, որ ներկա էր, ամեն ինչ ասում է, բայց վերը նշած նախադասություները մոռացել է ասել։ Իսկ ձայնագրությունները ցույց են տալիս, որ ոչ մի «գյուլլելու» գործողություն կամ «տուկեր վառելու» գործողություններ իշխանափոխության տրամաբանության մեջ չեն եղել։
«Բա ո՞նց եք «գյուլlելը» բերել կապել իշխանափոխություն իրականացնելու գործընթացի հետ. Ստե՛լ եք, ստե՛լ եք»,-ասաց նա:
Աննա Գրիգորյանի հաջորդ պարզաբանումը «տուկեր վառելու» մասին էր։
«Իրականում, այո՛, քննչական նյութերում կա հիշատակում, որ մասնակիցներից մեկն ասում է՝ կարելի է նման բան անել։ Սրբազանը, կարծեմ հաջորդ օրը, ասում է՝ դա անթույլատրելի է։ Հիմա եկել, նորից էդ տուկերի պատմությունը եք առաջ բերում»,-նշել է Գրիգորյանը։
Հաջորդը կետը, այսպես կոչված, «աստղիկների» մասին էր, որոնք նապատեսված են մեքենաների անիվները վնասելու համար։
«Մեր գործընկեր Արթուր Սարգսյանին կալանավորելիս իսկապես հուզիչ կերպով ներկայացվում էր՝ աստղիկները կգցեն, մեքենաների ակերը կպատռվեն, մարդիկ կզոհվեն և այլն։ Գլխավոր դատախազին հարց ենք տալիս՝ «աստղիկները հայտնաբերե՞լ եք», ասում է՝ «ոչ, նախաքննական փուլում ենք, կհայտնաբերենք»։ Նախաքննություն ավարտված է, գործն ուղարկված է դատարան՝ չկան աստղիկներ, չկա տուկեր վառելու գործընթաց՝ իշխանափոխության իրականացման տրամաբանության մեջ»,- ասել է պատգամավորը։
Աննա Գրիգորյանը նաև նկատել է, որ ձերբակալությունները տեղի էին ունենում հենց այն պահերին, երբ ընթանում էին բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
«Վաշինգտոնում ստորագրված պայմանագրով՝ ցանկացած մարդ, որը խոսում է Լեռնային Ղարաբաղի կամ մեր ազգային արժեքների մասին, ըստ Փաշինյանի և Ալիևի գնահատման՝ կարող է դիտվել որպես ռևանշիստ, և ըստ էության՝ ահաբեկիչ, ում ուղղակի պետք է բանտ ուղարկել։ Քննչական կոմիտեն այդ հաղորդագրությունը տարածում է նաև անգլերենով։ Այսինքն՝ ցանկացած մեկը, ով համարձակվում է իրազեկել ազգային արժեքների մասին, կարող է հայտնվել բանտում, և սա է այն տրամաբանությունը, որը դարձնում է նրանց քաղաքական բանտարկյալներ», – եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։