
Ցանկացած հապճեպ, չհաշվարկված քայլ կործանարար է լինելու․ Աբրահամ Գասպարյանը` բանակում բարեփոխումների մասին
«Փոփոխվող աշխարհի ռազմական քարտեզի վրա հաղթում է նա, ով առաջ է անցնում տեխնոլոգիական դաժան մրցավազքում, ով կարողանում է արագ տեմպերով մոդեռնիզացվել, համակարգը դարձնել ավելի կարգապահ, տնտեսությունը՝ դիվերսիֆիկացված, պրոպագանդան էլ՝ հիմնավոր-արդյունավետ: Եթե քարոզչության տակ իրական ռեսուրսներ չլինեն, կդառնա փուչիկ, որը պայթեցնելն ընդամենը ժամանակի հարց է»,- Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը իր հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադարձել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման նախագծին։
Քաղաքագետի խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը երբևէ հնարավորություն չունենա վերականգնել բանակի երբեմնի մարտունակությունը, երբևէ չկարողանա անվտանգային խնդիր ձևակերպել և պատմաքաղաքական հարմար պահին կատարել օբյեկտիվ առաջադրանք, այն է՝ չեզոքացնել հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքները Հարավային Կովկասում:
Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է պրոֆեսիոնալ բանակի ստեղծելու միջազգային փորձը, դիտարկել է այնպիսի երկրների օրինակներ, որոնք այսօր սպառազինության ոլորտի առաջատարներն են։
«Մեր երկիրը կանգնած է իրական, անմիջական տարածքային սպառնալիքի առջև և հիմա պրոֆեսիոնալ բանակի անցնելու հարցն ակտիվացնելը պարունակում է լրջագույն ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել անդառնալի ծանր կորուստների: Այլ պայմաններում, այլ որակներով ու ազգային տեսլականով իշխանության պայմաններում երկու ձեռքով կողմ եմ կամավորական, մոբիլ, տեխնոլոգիապես զարգացած, արժեքներով, բարոյահոգեբանական ու մարտական բարձր պատրաստվածությամբ, ազգային պետական մտածողությամբ սպայակազմով պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, որին զուգահեռ կգործի՝ հզոր աշխարհազոր»,- ասել է քաղաքագետն ու հավելել՝ մենք այդ համակարգին լիարժեք կարող ենք անցնել նվազագույնը 5-10 տարում, եթե ոչ մի փոքր էլ ավելի: Այս տրամաբանությունից դուրս ցանկացած հապճեպ, չհաշվարկված քայլ կործանարար է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։