
ՀՀ-ն Ռուսաստանի կրտսեր եղբորից վերածվել է գործընկերոջ. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս չի ընկալում Հայաստանին որպես «կրտսեր եղբոր». նախագահի խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այժմ բոլորովին այլ՝ գործընկերային են։ Հայաստանը Ռուսաստանի «կրտսեր եղբորից» վերածվել է գործընկերոջ. սա այն է, ինչին մենք իրականում փորձում էինք հասնել վերջին չորս տարվա ընթացքում», – RTVI-ին տված հարցազրույցում ասել է Խաչատուրյանը։
Նախագահի խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ ռուսական կողմը հաշվի առնի Հայաստանի իշխանության որոշումները։
Բացի այդ՝ նա մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։
«Օվերչուկին է պետք հարցնել, թե ինչ է դա նշանակում։ Մենք աշխատում ենք թե՛ ԵԱՏՄ-ի հետ, թե՛ Եվրոպական Միության հետ, և մինչ այժմ որևէ խնդիր չի առաջացել», – նշել է նա։