23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս պահի դրությամբ ովքե՞ր են Երևանի քաղաքապետի թեկնածուները

Այս պահի դրությամբ ովքե՞ր են Երևանի քաղաքապետի թեկնածուները

Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու
համար կուսակցությունների գրանցման գործընթացի մեկնարկել է օգոստոսի 3-ից։ Անցած օրերի
ընթացքում, սակայն, որևէ քաղաքական ուժ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին
մասնակցելու հայտ չի ներկայացրել։

Չնայած դրան՝ բազմաթիվ քաղաքական ուժեր անցնող օրերի ընթացքում
հայտարարել են մասնակցելու իրենց մտադրության մասին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
դեռևս անցյալ տարվա մարտին էր  հայտարարել մասնակցության մասին, նշելով որ Տիգրան
Ավինյանը
կգլխավորի ցուցակը։

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության
նախագահ Մանե Թանդիլյանն է։ Կուսակցության համագումարներից մեկի ժամանակ Թանդիլյանն
առաջարկել է ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացրել է՝ ցուցակը կգլխավորի
Դավիթ Խաժակյանը։

Անդրանիկ Թևանյանն այսօր «Մայր Հայաստան» արձանի մոտից տեսաուղերձ
է հղել, ասելով որ «Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ 
Նա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, դաշինքը, սակայն ընտրություններին մասնակցելու
հարցը չի քննարկել։

Առաջադրման մասին պաշտոնապես առաջին անգամ այսօր հայտարարել է նաև
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է մասնակցության մասին․ նա կգլխավորի
«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը
Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է «Հաղթանակ» կուսակցությամբ։

Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության
նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել
է Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվել
էր, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Ռոտենբերգը՝
Արզաքանցյանի կինը, սակայ․ն 2 օր անց կուսակցության  ղեկավար մարմինը փոխեց որոշումը՝
ցանկը կգլխավորի Նելլի Հարությունյանը։

Ավագանու ընտրությանը մասնակցելու հավակնության մասին դեռևս հուլիսին
հայտարարել է նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը նախ հայտարարել էր երգահան
Ռուբեն Հախվերդյանի թեկնածությունն առաջադրելու մասին, ավելի ուշ փոխել էր որոշումը։
Կուսակցությանն ավագանու ընտրությանը կմասնակցի ՍԴՀԿ-ի հետ դաշինքով, իսկ ցուցակը կգլխավորի
սոցիոլոգ, Հայ-Եվրատլանտյան Կենտրոնի նախագահ Կարեն Սարգսյանը։

Հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև օգոստոսի 13-ը։
Իսկ արդեն օգոստոսի 13-ից 18-ը կիրականացվի գրանցման գործընթացը։ Նախընտրական քարոզչությունը
տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ն ընկած հատվածում։

Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018-ի
սեպտեմբերի 23-ին, ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018-ի հոկտեմբերի
10-ին, այդ լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 10-ին: