
ԵՄ-ն կարող է մեկ տարվա ընթացքում հրաժարվել ռուսական գազից․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
Եվրամիությունը կարող է 6-12 ամսվա ընթացքում հրաժարվել ռուսական գազից՝ այն փոխարինելով ամերիկյան հեղուկ բնական գազով․ գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին։
Միացյալ Նահանգներն այս դիրքորոշումը հայտնել է ԵՄ պաշտոնյաների հետ զրույցում։
Նշվում է, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում ռուսական նավթի և գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվար փուլ առ փուլ դադարեցնելու իրավական առաջարկների շուրջ։
«Կարծում եմ՝ սա հեշտությամբ կարելի է անել 12 ամսվա ընթացքում, գուցե վեց ամսվա ընթացքում։ ԱՄՆ կողմից մենք կարող ենք դա անել ավելի արագ, և կարծում եմ՝ լավ կլինի, եթե այդ ամսաթվերը ավելի շատ կրճատվեն։ Ես չգիտեմ՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ, բայց դրա մասին խոսվել է», – ասել է Ռայթը՝ խոսելով այն մասին, թե որքան արագ կարող է ԵՄ-ն փուլ առ փուլ հրաժարվել ռուսական գազից։