
60-ամյակը Բաքվում` սեփական հայրենիքը պաշտպանելու համար. Լևոն Մնացականյանի պատմությունը` ադրբեջանական դատարանի ցուցմունքներում
Արցախյան ազատամարտի պատմությունը միշտ ուղեկցվում է մարդկանց ու հերոսների պատմություններով։ Այդ մարդկանցից մեկը Լևոն Մնացականյանն է. մարդ, որն իր կյանքն ու մասնագիտական ուղին նվիրել է Արցախի պաշտպանության գործին։ Այսօր նա հանրության ուշադրության կենտրոնում է որպես ռազմագերի: Այսօր Մնացականյանն իր ծննդյան 60 ամյակին Բաքվի բանտում է` մեղադրյալի աթոռին. մեղադրվում է սեփական հայրենիքը պաշտպանելու համար:
Մնացականյանը 2015 թվականից զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը և ղեկավարել պաշտպանության բանակը մինչև 2018 թվականը, երբ հեռացել է պաշտոնից ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում։
2023 թվականի սեպտեմբերի 29-ին, Արցախից Հայաստան անցնելու ճանապարհին Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են Մնացականյանին, տեղափոխել Բաքու, քրեական գործեր հարուցել:
Երկու տարվա ընթացքում Մնացականյանը բազմիցս հարցաքննվել է: Իր բոլոր ցուցմունքներում Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը ռազմական գործողություններին, ասել է թե՝ Բաքվի դատարանում պնդել է, որ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։
Մնացականյանը, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, նշել է, որ ինքը ծառայել է որպես գումարտակի հրամանատար, դիվիզիայի հրամանատար և հրետանու պետ։
Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Ակնայի, Մեխակավանի, Մարտակերտի, Վարանդայի և այլ շրջաններում մղված ռազմական գործողություններին:
Հարցաքննություններից մեկի ժամանակ ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր», «Տոչկա-Ու» և «Սմերչ» հրթիռային համալիրներ երբեք չեն եղել:
Իր ցուցմունքներից մեկում էլ, գեներալն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ըստ ցուցմունքի՝ Մնացականյանն ասել է, որ նշանակվել է տարբեր պաշտոններում, իսկ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ, այնուհետև՝ 2012 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունիսը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։
Հունվարի 17-ից Ադրբեջանում շինծու դատավարություն է ընթանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ։ Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։
Բաքուն պաշտոնապես հաստատում է միայն 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ հայտնվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ագրեսիայից հետո։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, հայ գերիների թիվը կարող է հասնել 80-ի։