15 Սեպ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն Ադրբեջանից այլևս լոլիկ չի գնում, Ադրբեջանը ՌԴ-ից՝ ցորեն, բայց հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը ցածր է․ Fitch Solutions

ՌԴ-ն Ադրբեջանից այլևս լոլիկ չի գնում, Ադրբեջանը ՌԴ-ից՝ ցորեն, բայց հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը ցածր է․ Fitch Solutions

Պաշտոնական Բաքուն փորձում է ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնել Հարավային Կովկասում, մասնավորապես՝ առևտրային ուղիների վերահսկման հարցում։ Այս մասին նշվել է Fitch Solutions կառույցի կանխատեսումներում։

FS վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները խորացել են էթնիկ և մշակութային կապերի, ինչպես նաև ռազմական համագործակցության շնորհիվ։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ը դիտարկում է Ադրբեջանին որպես էներգամատակարար, քանի որ ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից։

Բացի այդ՝ նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կմնան բարդ և գործարքային։ Չնայած ՌԴ կողմից ադրբեջանական ինքնաթիռի պատահական խոցման և Ռուսաստանում ձերբակալված ադրբեջանցիների մահվան հետևանքով աճող լարվածությանը՝ հարաբերությունների լիակատար խզման հավանականությունը ցածր է։ Մոսկվայի մեղմ արձագանքը Բաքվի հակաքայլերին՝ դիվանագիտական բողոքները և ռուսական ընկերությունների նկատմամբ սահմանափակումները, ցույց են տալիս կողմերի ցանկությունը՝ կարգավորել հարաբերությունները։

«Ադրբեջանը կօգտագործի Արևելքի և Արևմուտքի միջև իր ռազմավարական դիրքը՝ Ռուսաստանի ազդեցությունից խուսափելու համար մանևրելու հնարավորությունը պահպանելու համար, բայց կշարունակի համագործակցել Մոսկվայի հետ, եթե նրա շահերը համընկնեն», – հավելել են FS-ի վերլուծաբանները։

Միևնույն ժամանակ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Ադրբեջանը հնգապատիկ կրճատել է Ռուսաստանից ցորենի գնումները։ 2025 թ-ի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում Բաքուն մոսկվայից գնել է մոտավորապես 87 տոննա ցորեն։ Հատկանշական է, որ 2024 թվականին երկրի ցորենի ներմուծման 90.2%-ը կատարվել է Ռուսաստանից։

Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանն այլևս ադրբեջանական լոլիկն այլևս չի գնում։ Ադրբեջանի մի շարք շրջանների ֆերմերները լուրջ խնդրի են բախվել լոլիկի բերքի վաճառքի հետ կապված։ Այս տարի, բանջարեղենի առատության և ներքին շուկայում պահանջարկի բացակայության պատճառով՝ ադրբեջանական արտադրանքը զանգվածաբար չի սպառվել։
Միևնույն ժամանակ՝ Բաքուն նախկինում առանց որևէ խնդրի իր լոլիկի ավելի քան 96%-ը վաճառում էր Ռուսաստանին։ Արտահանման ընդհանուր մասնաբաժնի միայն 2%-ն է ուղղվում Բելառուս, իսկ 1%-ը՝ Լեհաստան։ Ի դեպ, Ուկրաինան, որի հետ Իլհամ Ալիևը հաստատել է չափազանց բարեկամական հարաբերություններ, գործնականում անտեսում է ադրբեջանական լոլիկը. Բաքվի լոլիկի 1%-ից պակասն է մատակարարվում Կիև։ Միևնույն ժամանակ՝ գյուղացիները դժգոհություն են հայտնել, քանի որ նախկինում նրանց հաջողվում էր առանց որևէ խնդրի իրենց արտադրանքը վաճառել Ռուսաստանին։ Տեղական գյուղատնտեսական արտադրողները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են երկրի նախագահ Իլհամ Ալիևին, ով հակառուսական քաղաքականություն է վարում։ Գյուղացիները վստահ են, որ խոշոր ռուս ներմուծողները դավադրություն են կազմակերպել և չեն վերցնում ադրբեջանական արտադրանքը քաղաքական պատճառներով։

Ռազմագերիներ