
Ռազմական դոկտրին չունեն, բայց զինծառայության ժամկետ են կրճատում. Սեյրան Օհանյան
Փաշինյանի մոտեցումները վտանգում են ՀՀ անվտանգությունը. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` արձագանքելով հայտարարությանը, թե բանակը չի կարող լինել Հայաստանի առաջնային անվտանգության երաշխավորը։
Օհանյանի խոսքով՝ Փաշինյանի գործողություններում մշտապես առկա են քայլեր, որոնք վախ են սերմանում հասարակության մեջ, և դա պայմանավորված է նրանով, որ վարչապետը լիարժեք չի պատկերացնում բանակի դերը։
Օհանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ զինված ուժերը վերականգնելու համար, այլև փորձել են անգամ կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումները պայմանավորված են պատերազմից և լարված իրավիճակներից խուսափելու փորձերով։ «Փորձը ցույց է տալիս, որ որքան շատ ես զիջում, այնքան ավելի մեծ են դառնում նոր պահանջները»,- նշել է Օհանյանը՝ հավելելով, որ անվտանգության համար անհրաժեշտ են երկու կարևոր երաշխիքներ՝ ազգայինը և միջազգայինը։
Նրա կարծիքով՝ ազգային երաշխիքը նախ և առաջ բանակն է ու ժողովրդի համախմբվածությունը, մինչդեռ միջազգային երաշխիքը կարող է ձևավորվել երկարատև գործընթացներում՝ երկկողմ հարաբերությունների և ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում։ «Բայց ներքին բանակի ամրությունը պետք է ապահովվի շատ կարճ ժամանակում, և սա իշխանությունների առաջնային պարտականությունն է»,- ընդգծեց նա։
Օհանյանը նաև հիշեցրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում իշխանությունները չեն մշակել ազգային անվտանգության նոր ռազմավարություն, չունեն ռազմական դոկտրին, սակայն խոսում են զինված ուժերը կրճատելու մասին։ Նրա խոսքով՝ այս մոտեցումները ավելի շատ իրավիճակային և պոպուլիստական քայլեր են՝ ապագա ընտրություններին ձայներ ապահովելու նպատակով։
Նա ընդգծել է, որ հասարակության մի մասի մտածելակերպի փոփոխությունը՝ բանակին ու զինվորին այլ կերպ վերաբերվելու հարցում, նույնպես իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է։ «Մեր ժողովրդի համար զինվորը միշտ եղել է սրբություն, և բանակը շարունակելու է մնալ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը»,- ասել է պատգամավորը։