
Դատավորնե՛ր, աշխատավարձի համար ուրիշների տները քանդում եք, Աստծուց չեք վախենո՞ւմ․ Վարդան Ղուկասյանի ճեպազրույցը՝ կետերով
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ճեպազրույց է տվել դատարանի մոտ. Քաղաքապետի ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.
- Երբ որ տղաս գնաց Սրբազանի դատին, ասացի՝ քեզ անպայման կկալանավորեն կամ գլխիդ մի բան կսարքեն։ Դե տեսաք։ Դատական համակարգում աշխատող յուրաքանչյուր դատավոր հանձնարարական ստանալուց հետո պիտի ասի՝ գիտեք ինչ կա, չենք կարող անօրեն բան անել։ Դուք կանցնեք, կգնաք, բա համակարգը։ Հիմա չեն անում էդպես․ դուք աշխատավարձի համար ուրիշների տները քանդում եք։ Աստծուց չեք վախենու՞մ։
- Ես վախեցողներից չեմ, իմ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ինձ այս տարիքում պետական կառույցներում աշխատելու կարիք չունեմ, բայց երբ երկիրդ տանում են թրքացման, չես կարողանում անգործ նստել։
- Եթե առողջ ուժ կա երկրում, քարկոծվում է, պիտակավորվում՝ վատ ձևով։ Ում հետևից ժողովուրդ է գնում, պետության կողմից թիրախավորվում են։ Ինձ դատարանի դուռ են հասցնում, որովհետև ես մարդկանց հողատարածքներ եմ տալիս, որ տուն ու օբեկտներ կառուցեն։
- Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ մեր երկրում պետք է 1 միլիոն քաղաքացի ապրի։ Նրանից հետո ով եկավ, նպաստեց այդ քաղաքականությանը։ Բոլոր Կառավարությունները նվազեցրել են ծնելիությունը Հայաստանում, որը դրսի ուժերն են անում։
- Եթե այսօր հովիվին հարցնեք՝ հայ ժողովրդին ի՞նչ է պետք, կասեն՝ զենք․ մեզ զենքի գործարան է պետք։ Մենք ունենք գիտական պոտենցիալ, բայց մենք չենք անում մեր երկրում, ինչու՞։
- Մեր երկրի հողատարածքների մեծ մասը անմշակ է, ինչու՞։ Բացի այդ՝ բանկային համակարգն է տապալված․ դրսի ուժերը որ երկիրն ուզում են ավիրել, ավիրում են նաև բանկային համակարգը։