16 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Պետդեպը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ

ԱՄՆ Պետդեպը խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել ՀՀ սահմանամերձ շրջաններ

Արևելքից սահմանակից լինելով Թուրքիային և հարավից՝ Իրանին՝ Հայաստանը վերջին կես տասնամյակի ընթացքում զբոսաշրջության ոլորտում զգալի աճ է գրանցել․ գրում է The Street-ը։

Նշվում է, որ զբոսաշրջիկները մեծապես գալիս են  Ռուսաստանից և Իրանից, սակայն վերջերս նաև աճել է զբոսաշրջիկների թիվը Միացյալ Նահանգներից և այլ արևմտյան երկրներից։ Ամենատարածված ուղղություններից են երկրի մայրաքաղաք Երևանը, որը նաև կոչվում է «վարդագույն քաղաք»՝ իր բազմաթիվ շենքերի կառուցման համար օգտագործվող վարդագույն տուֆ քարի պատճառով։ Բացի այդ՝ զբոսաշրջիկները նաև ցանկանում են տեսնել բնության հրաշքները՝ Սևանա լիճը, Քարերի սիմֆոնիան։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ պետքարտուղարությունը թարմացրել է Հայաստանի վերաբերյալ ճանապարհորդական նախազգուշացումները՝ խորհուրդ տալով չայցելել սահմանամերձ շրջաններ։

Հայաստանը, ընդհանուր առմամբ, «երկրորդ մակարդակում» է և համարվում է անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը պահպանել է «ավելի մեծ զգուշության» մակարդակը, որտեղ նաև ներառված են Ֆրանսիան, Իտալիան և Թաիլանդը: ԱՄՆ կառավարությունը վերահաստատել է, որ որոշ տարածքներ գտնվում են «ավելի մեծ ռիսկի» տակ:

Մասնավորապես, Ադրբեջանին սահմանակից շրջանները մտահոգության առարկա են, քանի որ «տարածաշրջանում կարող են հետագա ռազմական ակտիվություններ լինել»։ Պաշտոնական գործերի համար Հայաստանում գտնվող ամերիկացի քաղաքացիներին թույլատրված չէ մեկնել՝

  • Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսից արևելք,
  • Սյունիքի մարզ՝ Գորիսից արևելք,
  • Սյունիքի մարզ՝ Կապանից հարավ։

Անձնական նպատակներով ճանապարհորդողներին պարզապես խորհուրդ է տրվում խուսափել դրանցից: «Երասխ գյուղով երթևեկելը թույլատրվում է, կանգառը՝ ո՛չ», – նշվել է օրեր առաջ   հրապարակված ճանապարհորդական խորհրդատվության մեջ:

Ինչպես նշվել է, անցյալում ռազմական գործողություններ են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի մոտ, և տարածքում կա զինված հակամարտության հավանականություն։

«Զգու՛յշ եղեք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող ճանապարհներին: Ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց նախազգուշացման հատել միջազգային սահմանները: Հսկիչ կետերը կարող են վերահսկել ճանապարհները, կամ իշխանությունները կարող են առանց նախազգուշացման փակել դրանք ճանապարհորդների համար։ ԱՄՆ դեսպանատունը թույլ չի տալիս դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին ոչ էական պատճառներով մեկնել սահմանային շրջան, ինչպես նաև այս ճանապարհորդական նախազգուշացման մեջ թվարկված Հայաստանի այլ տարածքներ»:

Ադրբեջանը, որը վերջին տարիներին նույնպես կտրուկ աճ է գրանցել արևմտյան երկրներից զբոսաշրջիկներ ընդունելու հարցում, նմանապես դասվում է «երկրորդ մակարդակի»։ Պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել  «ցուցաբերել ավելի մեծ զգուշություն» ամբողջ երկրի համար և «չճանապարհորդել» Հայաստանին սահմանակից տարածքներում:

Ռազմագերիներ