16 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի սխալ քայլերը ստեղծել են հազվադեպ հանդիպող ռազմավարական վակուում Հարավային Կովկասը վերաձևավորելու համար․ GMF

ՌԴ-ի սխալ քայլերը ստեղծել են հազվադեպ հանդիպող ռազմավարական վակուում Հարավային Կովկասը վերաձևավորելու համար․ GMF

Հարավային Կովկասում ռազմավարական վակուում է առաջանում։ Ռուսաստանի գերիշխանության ազդեցությունը թուլանում է։ Կրեմլի հեղինակությունը նվազում է։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ արևմտյան տերություններն իրական հնարավորություն ունեն ձևավորելու տարածաշրջանային անվտանգությունը։ Սակայն վակուումը նաև նոր մրցակցություն է առաջացնում Մոսկվայի, ինչպես նաև Չինաստանի և Իրանի միջև։ Այս մասին նշվում է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի (GMF) վերլուծությունում։

Նշվում է, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանը Հարավային Կովկասում իր ազդեցությունն օգտագործում էր ռազմական, տնտեսական և մշակութային գործիքների միջոցով։ Ռուսաստանի ռազմական ազդեցությունը Հարավային Կովկասում երկար ժամանակ հիմնված է եղել բազաների, խաղաղապահների, դաշինքային շրջանակների և ուսումնական ծրագրերի վրա։ 102-րդ ռազմական բազան խորհրդանշում էր Ռուսաստանի դերը՝ որպես անվտանգության երաշխավորի։ 2020 թվականի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահների տեղակայումն ավելի ամրապնդեց Ռուսաստանի կերպարը՝ որպես տարածաշրջանում հակամարտությունների անփոխարինելի արբիտրի։ Տարիներ շարունակ Հայաստանը նաև կախված էր Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)՝ ուղարկելով սպաներ ռուսական ակադեմիաներ և մասնակցելով համատեղ զորավարժությունների։

Ըստ GMF-ի՝ ի տարբերություն ՀՀ-ի՝  Ադրբեջանն իր գործունեությունը դիվերսիֆիկացրել է Թուրքիայի և Իսրայելի հետ սերտ գործընկերության և ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված գործելակերպի ընդունման միջոցով։

Վերլուծությունում նշվում է, որ Մոսկվայի տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում հիմնված է եղել առևտրային ասիմետրիաների, էներգետիկ կախվածության և դրամական փոխանցումների վրա։ Հայաստանը մնում է ամենախոցելին. Մոսկվան նրա ամենամեծ առևտրային գործընկերն է, որն ամրապնդվում է Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ և ռուսական կապիտալի ներհոսքով։ Այս կախվածությունը Կրեմլին լծակ է տալիս, բայց նաև դժգոհություն է առաջացնում, քանի որ Երևանը Մոսկվայի հետ ինտեգրացիան ավելի ու ավելի է համարում խոցելիություն, քան՝ պաշտպանություն։ Ռուսաստանի ավանդական լծակները կորցրել են իրենց ազդեցությունը 2022 թվականից ի վեր, քանի որ Ուկրաինայում պատերազմը սպառել է Մոսկվայի կարողություններն ու հեղինակությունը: Սակայն ավելի խորը տեղաշարժը գալիս է տարածաշրջանային դերակատարների կողմից իրենց ընտրությունների վերահաշվարկից:

Հայաստանի երկարատև կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն նվազել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որը բացահայտել է Մոսկվայի անվստահելիությունը ՝որպես անվտանգության երաշխավորի:  Ռուս խաղաղապահները չեն կարողացել կանխել Ադրբեջանի առաջխաղացումը: Հայաստանը կասեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բոյկոտել է Ռուսաստանի գլխավորած համատեղ զորավարժությունները և փնտրել է արևմտյան գործընկերներ ռազմական պատրաստության համար:

Ինչպես հիշեցրել է հիմնադրամը՝ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները նույնպես կտրուկ վատթարացել են՝ մի շարք բախումներով։ 2024 թվականի դեկտեմբերին Ղազախստանի երկնքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը խոցել էր «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 38 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանը միջադեպը բացատրում է ռուսական հրթիռային կրակով, որը լարվածություն է առաջացրել երկկողմ հարաբերություններում։

Լարվածությունն է՛լ ավելի է սրվել 2025 թվականի հունիսին, երբ ռուսական ոստիկանությունը Եկատերինբուրգում ձերբակալել է մոտ 50 էթնիկ ադրբեջանցիների: Ձերբակալվածներից երկուսը՝ եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները, մահացել են կալանքի տակ: Այնուհետև Բաքվի դատախազությունը գործ է հարուցել ռուսական ոստիկանության կողմից ադրբեջանցիների «խոշտանգումների և հատուկ դաժանությամբ դիտավորյալ սպանության» վերաբերյալ: Պատասխան քայլով Ադրբեջանը ներխուժել է «Սպուտնիկ Ադրբեջանի» Բաքվի գրասենյակ՝ ձերբակալելով մի քանի ռուս քաղաքացիների:

Ըստ GMF-ի՝ Ռուսաստանի սխալ քայլերը ստեղծել են հազվադեպ հանդիպող ռազմավարական վակուում։ Տարածաշրջանում նրա ամենահին դաշնակիցը՝ Հայաստանը, և ամենանորը՝ Ադրբեջանը, վերակողմնորոշվում են՝ հեռանալով Մոսկվայից, մինչդեռ Վրաստանը սահում է դեպի ավտորիտարիզմ։ Այս դատարկության մեջ Վաշինգտոնն օգտվել է հնարավորությունից՝ մտնելու ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգները միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Առաջին անգամ արևմտյան խաղացողը, այլ ոչ թե՝ Ռուսաստանը, հաջողությամբ կարողացավ Երևանին և Բաքվին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Դա տարածք է ստեղծում միջազգային խաղացողների համար՝ Հարավային Կովկասը ձևավորելու հարցում։

Այս իշխանության վակուումը միաժամանակ գրավում է բազմաթիվ խաղացողների։ ԵՄ-ն պետք է վճռականորեն գործի։

Միևնույն ժամանակ՝ վակուումը հնարավորություններ է ստեղծում նաև Չինաստանի համար։ Իրանը (Հայաստանի մտերիմ գործընկերը), որը զգուշանում է ԱՄՆ-ի միջամտությունից իր սահմանների մոտ, մտահոգություններ է հայտնել։ Մյուս կողմից՝ Թուրքիան (Ադրբեջանի վաղեմի դաշնակիցը) կարող է նմանապես օգտվել, եթե Միացյալ Նահանգները հույսը դնի Անկարայի վրա՝ TRIPP-ի կառավարման հարցում:

Նշվում է, որ թեև Հարավային Կովկասում փոփոխությունները վերջերս են տեղի ունեցել, հիմնական ցուցիչները մատնանշում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կվերաձևեն տարածաշրջանի քարտեզը։ Հետևաբար, ԵՄ-ն պետք է զգուշավորություն դրսևորի. այս մրցակցությունը ծավալվում է իր հարևանությամբ, որտեղ գործողությունների բացակայությունը  կարող է թույլ տալ ոչ ժողովրդավարական ուժերին ամրապնդել իրենց ազդեցությունը Եվրոպայի սահմաններին։

 

Ռազմագերիներ