
Ռուբեն Վարդանյանը խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին. ադրբեջանական ԶԼՄ-ներ
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարությունը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այսօրվա նիստի ընթացքում Արցախի նախկին պետնախարարը խնդրել է դատարանին հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, նաև Արցախում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարներին։
Պաշտպանական կողմը նաև ներկայացրել է այլ միջնորդություն՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանը զինվորական չէ, ուստի նրա գործը չի կարող քննվել ռազմական դատարանում. դատարանը մերժել է այս միջնորդությունը: Բացի այդ՝ դատարանը հրաժարվել է տրամադրել քաղվածքներ ավելի վաղ կայացրած որոշումներից և դատական նիստերի արձանագրությունները:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։