
Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․
«Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր և զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը և ներածութիւնը Մ. Աբեղեանի և Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երևան, 1991, էջ 191–192).
Թարգմանություն. «Մինչ դու գնացիր և ողջ երկիրս քեզ հետ տարար, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։
Տարբերությունն այն է, որ եթե Արտավազդի հայրն էր կործանում սեփական երկիրը, Փաշինյանն անձամբ ինքն է իրականացնում իր երկրի ավերումը։ Անշուշտ նա գիտակցում է իր գործած չարիքի ծավալը, ինչի արտահայտությունն են նրա մշտական ջղաձգություններն ու ընդդիմադիրների հասցեին հնչեցրած ամենօրյա լուտանքներն ու սպառնալիքները։ Ես ամենեւին չէի նախանձի Հայաստանի հաջորդ իշխանություններին, քանզի Փաշինյանն այնպիսի ծանր ժառանգություն է թողել, որի տակից գրեթե անհնար է դուրս գալ։ Իսկ թե իր նմաններին ինչպես են վերաբերվել պատմական անցյալում, և ինչպիսի որակումներով «պատվել» հայտնի է բոլորին։
Պատմական զուգահեռների մեկնաբանությունը թողնում եմ լրջմիտ ընթերցողի հայեցողությանը»,-գրել է նա։