
Հայաստանում այլևս չկան ազդեցիկ մարդիկ, որոնք բանտում չեն հայտնվել․ New York Post-ը անդրադարձել է Սամվել Կարապետյանի գործին
Ամերիկյան New York Post պարբերականը հոդված է հրապարակել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։
Թերթը գրում է, որ Կարապետյանին կալանավորել են՝ Հայաստանի Առաքելական եկեղեցուն աջակցող և վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատող հայտարարություններից հետո։ Forbes-ի գնահատմամբ՝ Կարապետյանի ունեցվածքը կազմում է 4,4 միլիարդ դոլար։ Ավելի վաղ գործարարը խոսել էր նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին, ինչը, թերթի մեկնաբանությամբ, կարող էր դառնալ հետապնդման պատճառ։
Կարապետյանի հարազատները պարբերականին հայտնել են գործի քաղաքական ենթատեքստի մասին: Նրանք կառավարության դեմ 500 միլիոն դոլարի հայց են ներկայացրել՝ պնդելով, որ Կարապետյանի ակտիվները փաստացի բռնագանձվել են։ Բարեգործի որդին՝ Սարգիսը, New York Post-ի հետ զրույցում ասել է․ «Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե այլևս չկան ազդեցիկ մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ չեն հայտնվել բանտում այս ռեժիմի օրոք»։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն էլ նշել է, որ գործարարի թիմը հիմնում է նոր կուսակցություն, որն ունակ կլինի առաջարկել բարեփոխումներ երկրին։