
Ադրբեջանը հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար կառուցողական քայլեր է ձեռնարկում. Ալիև
Ադրբեջանի Հանրապետությունը անկախություն ձեռք բերելու առաջին օրից ի վեր միշտ աջակցել է միջազգային համագործակցության ամրապնդմանը բոլոր ոլորտներում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այս մասին նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ուղերձում, որը նա հղել է «Թերորիստական հարձակումների և զինված հակամարտությունների ընթացքում մարդասիրական ճգնաժամերի և գլոբալ բնույթի տեխնոգեն աղետների կանխարգելման գործում անվտանգության մարմինների փոխգործակցության» թեմայով միջազգային կոնֆերանսի մասնակիցներին։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար կառուցողական քայլեր է ձեռնարկում։
«Մեր առաջ դրված հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա հիմնված նոր գործակցության ձևաչափի ստեղծումն է։ Մենք վստահ ենք, որ այս ուղղությամբ իրականացվող նպատակային գործունեությունը հետագայում խթան կհանդիսանա հարևան երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդմանը»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը: