
Աֆղանստանը հրաժարվել է Բագրամի բազան վերադարձնել ԱՄՆ-ին
Աֆղանստանը մերժել է Բագրամի ռազմաբազան ԱՄՆ–ին վերադարձնելու պայմանավորվածությունը՝ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո. գրում է France 24-ը:
Բագրամի ռազմաբազան, որը գտնվում է Քաբուլի հյուսիսում, Ամերիկայի ամենախոշոր ռազմաբազան էր Աֆղանստանում և 20 տարի ԱՄՆ գործողությունների կենտրոնը՝ Թալիբանի դեմ պատերազմում։
Թրամփը սպառնացել էր «վատ հետևանքներով», եթե բազան չվերադարձնեն ԱՄՆ-ին։
«Եթե Աֆղանստանը չվերադարձնի Բագրամը նրան, ով կառուցել է այն, այսինքն Միացյալ Նահանգներին, վատ հետևանքներ կլինեն»,– գրել էր նա Truth Social հարթակում։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության շտաբի պետ Ֆասիհուդին Ֆիթրաթը հայտարարել է, որ բազան վերադարձնելու շուրջ որևէ «քաղաքական պայմանավորվածություն» հնարավոր չէ։
«Աֆղանստանի հողի նույնիսկ մեկ սանտիմետրի վերաբերյալ գործարք հնարավոր չէ։ Մենք դրա կարիքը չունենք»,– ասել է նա։
Ավելի ուշ Աֆղանստանի կառավարությունը հատուկ հայտարարությամբ ընդգծել է, որ երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը «առավելագույն կարևորություն ունեն»։
Թրամփը բազմիցս քննադատել է բազայի կորուստը՝ նշելով, որ այն շատ մոտ է Չինաստանին։ Սա առաջին անգամ էր, որ նա հրապարակավ առաջարկում էր վերադարձնել այն։
ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ուժերը Բագրամից դուրս եկան 2021 թվականի հուլիսին, Ջո Բայդենի նախագահության օրոք, սակայն դա տեղի ունեցավ 2020 թվականին Թրամփի միջնորդությամբ կնքված պայմանավորվածության հիման վրա։ Բազան կորցնելուց հետո Աֆղանստանի բանակը փլուզվեց, և Թալիբանը կրկին վերադարձավ իշխանության: