23 Սեպ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան՝ տոտալիտարիզմի շեմին. ընդդիմության ճգնաժամն ու իշխանության մարտավարությունը

Թուրքիան՝ տոտալիտարիզմի շեմին. ընդդիմության ճգնաժամն ու իշխանության մարտավարությունը

Վարչակարգի տոտալիտարացման գործընթացը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Թուրքիայում իշխանության գալուց և հատկապես 2017-ի սահմանադրական փոփոխություններով նախագահական համակարգի անցնելուց հետո, Թուրքիայում շատացան այնպիսի երևույթները, սորոնք ընդդիմադիրները և միջազգային վերլուծաբանները բնորոշում են որպես ավտորիտարիզմի խորացում կամ նույնիսկ անցում դեպի տոտալիտարիզմի։

Սրա մասին են վկայում հետևյալ գործոնները.

  • Մամուլի ազատության սահմանափակում – մեդիայի վերահսկողություն, լրագրողների նկատմամբ ճնշում, անկախ պարբերականների փակման դեպքեր։
  • Իրավական և դատական գործիքակազմի օգտագործում ընդդիմության դեմ – քրեական գործեր, դատական հայցեր, կուսակցությունների գործունեության սահմանափակումներ։
  • Գործադիր իշխանության թուլացում – զսպումների և հակակշիռների համակարգի թուլացում, դատական անկախության նվազում, քաղաքական մրցակցության սահմանափակում։

Այս միտումները ստիպում են խոսել այն մասին, որ Թուրքիան կանգնած է ժողովրդավարական ինստիտուտների վերացման լուրջ վտանգի առջև․ ընտրությունները տեղի են ունենում և կուսակցությունները շարունակում են գործել, բայց դրանց մրցակցային և իրական բնույթը նվազում է։

CHP կուսակցության ղեկավարության վերադասավորումը և դատարանի դերը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), վերջին շրջանում հայտնվել է լուրջ ճնշման տակ․

  • 2023թ․ նոյեմբերին կուսակցության համագումարում նոր առաջնորդ ընտրվեց Օզգյուր Օզելը՝ փոխարինելով Քեմալ Քըլըչդարօղլուին։
  • Դատախազությունն ու այլ պետական կառույցներ մեղադրանքներ են ներկայացրել կուսակցության և նրա առանձին անդամների (ներառյալ Իմամօղլուի և այլոց) դեմ, որ ընտրությունները (համագումարը) անցկացվել են խախտումներով. «ձայների գնում», ընթացակարգային խախտումներ, կուսակցությունների մասին օրենքի խախտումներ:
  • 2025 թվականի սեպտեմբերի 21-ին CHP-ն հրավիրեց արտահերթ համագումար, որտեղ Օզելը վերընտրվեց գրեթե միաձայն՝ իր լեգիտիմությունը ամրապնդելու նպատակով։ Սակայն հոկտեմբերի 24-ին սպասվող դատարանի որոշումը կարող է անօրինական ճանաչել նրա առաջնորդությունը։
  • Միաժամանակ դատական որոշումներով իշխանությունը փոխարինում է ընդդիմադիր կառույցների ղեկավարներին տարբեր նահանգներում, վառ օրինակ է Ստամբուլի CHP կառույցի ղեկավարության փոփոխությունը դատական ճնշմամբ։

Այս ամենը դիտարկվում է որպես Էրդողանի կողմից փորձ՝ վերահսկելու ոչ միայն ընտրական գործընթացները, այլև ընդդիմադիր կուսակցության ներքին ղեկավարությունը։

Թուրքիայում այս գործընթացը  համակարգային է․ զուգահեռ օգտագործվում են և՛ դատական, և՛ վարչական, և՛ մեդիա գործիքներ՝ ընդդիմությունը թուլացնելու համար։

Թուրքիայում հատկապես կարևոր է մեծ քաղաքների (Ստամբուլ, Անկարա) դերը, որտեղ ընդդիմությունը հաղթանակներ է տարել տեղական ընտրություններում․ դա ընդդիմությանը տալիս է ուժեղ բազա, իսկ իշխանությունը  կոշտ է արձագանքում։

2023թ․ նախագահական ընտրությունների շուրջ վեճերը

2023թ․ Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Առաջին փուլում նա ստացավ մոտ 49․5% ձայն, երկրորդում՝ շուրջ 52․2%։

Ընդդիմությունը հայտարարեց, որ քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել խախտումներ․ մեդիային անհավասար հասանելիություն, ապատեղեկատվություն, վարչական ռեսուրսի օգտագործում։

Որոշ ուսումնասիրություններ մատնանշեցին «անոմալ» ցուցանիշներ՝ բարձր մասնակցություն և կտրուկ տատանումներ որոշ շրջաններում։ Օրինակ՝ Կլիմեկի, Այքաչի, Թըրների և այլոց հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ընտրատեղամասերում առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել ծայրահեղ փոփոխություններ, և որ մասնակցությունն ու հաշվարկը կարող են աղավաղված լինել։

Այնուամենայնիվ, դատարաններն ու ընտրական մարմինները դեռ չեն ճանաչել ընտրությունները լիովին անվավեր, և Էրդողանը իրավապես օրինականորեն ընտրված նախագահ է:

Հնարավոր պատասխանն ու  Էրդողանի համար ռիսկերը

Իշխանության պատասխանը կարող է հնարավոր հետևանքներ և ռիսկեր պարունակել Էրդողանի համար․

  • Եթե դատարանը չեղարկի CHP-ի 2023 թվականի համագումարը, դա կխորացնի ներքին հակամարտությունները, կարող է անկայունացնել ինքը ընդդիմությունը, ստեղծել իրավական անորոշություն ղեկավարության օրինականության հարցում:
  • Բողոքի ցույցերը, փողոցային ակցիաները, բնակչության, հատկապես խոշոր քաղաքներում, դժգոհությունը կարող է ուժեղանալ, եթե քաղաքացիները իշխանության քայլերը ընկալեն որպես անարդարություն: Անկարայում և Ստամբուլում արդեն CHP-ի գործով՝ դատարանի դեմ բողոքի ակցիաներ եղել են։
  • Միջազգային ճնշումը կարող էր աճել Թուրքիայի հեղինակությունը աշխարհային ասպարեզում կարող են տուժել՝ Եվրոպական Միությունը, արևմտյան կազմակերպությունները, իրավապաշտպանները արդեն մտահոգություն են հայտնում:
  • Վաղաժամկետ ընտրությունների կամ ընտրությունների ժամանակացույցի փոփոխությունների հնարավորությունը, եթե իշխող կուսակցությունը զգա, որ իր դիրքերը խաթարվում են. ընդդիմությունը կարող է մոբիլիզացվել, բայց իշխանությունները, հավանաբար, կփորձեն պահպանել վերահսկողությունը ընթացակարգի նկատմամբ։

Իշխանական շրջանակները և Էրդողանի կողմնակիցները ներկայացնում են նաև հակառակ տեսակետները․

  • Դատական համակարգը անկախ է, և մեղադրանքները ընդդիմության հասցեին քաղաքական դրդապատճառներ չունեն։
  • CHP-ի ներսում կոռուպցիոն և ընթացակարգային խախտումներ կան, որոնց շուրջ էլ ընթացել են դատական հայցերը։
  • Անվտանգության և հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտություն – իշխանությունը պնդում է, որ բոլոր քայլերը բխում են օրենքի պահպանման և պետական անվտանգության շահերից։
  • Ընտրությունների լեգիտիմությունը – ըստ իշխանության, 2023 թվականի ընտրությունները եղել են օրինական, և ընդդիմության դժգոհությունները պայմանավորված են քաղաքական պարտությամբ։

Այսօր Թուրքիան կանգնած է ընտրության առաջ․ եթե ընդդիմության նկատմամբ ճնշումները խորանան և դատական համակարգը ամբողջությամբ վերածվի իշխանության գործիքի, երկիրը կանցնի դեպի ձևական ժողովրդավարություն` առանց իրական մրցակցության։ Եթե ընդդիմությունը կարողանա դիմակայել, պահպանել իր իշխանությունը խոշոր քաղաքներում և հաղթահարել ներքին ճգնաժամերը, ապա Թուրքիայում դեռ կարող են պահպանվել քաղաքական բազմակարծության տարրեր։

Հիմնական կետերը, որոնք կորոշեն, թե ուր է շարժվում Թուրքիան հետագայում.

  • Ի՞նչ կորոշի դատարանը հոկտեմբերի 24-ին` CHP-ի համագումարի դեմ հայցի գծով:
  • Որքան լայն կլինի միջազգային պատասխանը (ԵՄ, ՄԱԿ, իրավապաշտպան կազմակերպություններ):
  • Ինչպես կարձագանքի բնակչությունը` հատկապես խոշոր քաղաքներում և երիտասարդության շրջանում:
  • Ինչպես կլուծի ընդդիմությունը ներքին խնդիրները՝ առաջնորդներ, օրինականություն, ռազմավարություն:

Եթե այս բոլոր տարրերը աշխատեն համատեղ իշխանության օգտին (ԶԼՄ-ների սահմանափակում, դատարանների վերահսկողություն, հիմնական ընդդիմախոսների ճնշում, ընդդիմության վարկաբեկում), ապա Թուրքիան կարող է մտնել այնպիսի փուլ, երբ ընտրությունները դառնան ֆորմալ ընթացակարգ, մրցակցությունը՝ ցուցադրական, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված:

Վարդան Պապիկյան

Ռազմագերիներ